Անթիլիասում, Գարեգին Բ կաթողիկոսի եւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի օրհնությամբ հունվարի 29-30-ը տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Ծիսական հանձնախմբի հանդիպումը, որին մասնակցում էին Տ. Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը (համաատենապետ), Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը (համաատենապետ), Տ. Վարուժան արքեպիսկոպոս Հերկելյանը, Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Տ. Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը, Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից հայտնում են, թե, հանդիպման ընթացքում, հանձնախումբը հիմք ընդունելով 2013 թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եպիսկոպոսաց ժողովի որոշումները, քննարկել է եւ վերջնական տեսքի է բերել Ս. Մկրտության խորհրդակատարության բնագիրը եւ կանոնական ուղեցույցը: Մասնավոր քննության է առնվել նաեւ ծիսական լեզվի խնդիրը: Ս. Մկրտության նախապատրաստության ուսուցման ձեռնարկի առնչությամբ հանձնախումբը որոշել է շարունակել լրամշակման աշխատանքները` վերջնաժամկետ սահմանելով մայիս ամիսը:
Ծիսական հանձնախմբի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 19-23-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: