ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի առաջնորդ, Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Եպիսկոպոսը գտնվում է ԱՄՆ-ում Սիրիայի քրիստոնեական եկեղեցիների այլ առաջնորդների հետ՝ քննարկելու երկրում քրիստոնյաների աղետալի վիճակը:
Այդ կապակցությամբ Շիֆն ասել է, թե եպիսկոպոս Նալբանդյանն ու նրա գործընկերները ներկայացրել են ժողովրդի մեջ տիրող վախի մթնոլորտն ու խնդրել են Կոնգրեսից եւ նախագահից օգնություն ցուցաբերել միլիոնավոր սիրիացիներին, որոնք տուժել են հակամարտության հետեւանքով: «Մենք պետք է հետայսու եւս շարունակենք օգնել եւ թույլատրենք Միացյալ նահանգներ այն սիրիացիներին, որոնք ներգաղթի թույլտվություն են խնդրում, եւ նրանց մեծ մասը քրիստոնյաներ են»,- ասել է կոնգրեսականը: