Հնդկաստանի Կերալա քաղաքում, հունվարի 28-ին, իր աշխատանքն է սկսել Կաթոլիկ եւ Հին Արեւելյան Ուղղափառ Եկեղեցիների միջեւ պաշտոնական աստվածաբանական երկխոսության միացյալ միջազգային համաժողովը: Համաժողովին Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնում են Ամենայն Հայոց Կաթողիկոսությունից Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը եւ Մայր Աթոռի Հրատարակչական եւ Պաշտոնական մամուլի բաժինների տնօրեն Տ. Շահե վարդապետ Անանյանը, իսկ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից` Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալամեզյանը:
Հնգօրյա համաժողովի ընթացքում քննարկվելու են Վաղ Եկեղեցու պատարագների եւ ուխագնացությունների ավանդույթին վերաբերող թեմաներ:
Հունվարի 28-ին համաժողովի մասնակիցներն առանձին հանդիպումով քննարկեցին ընդհանուր խնդիրներ, որի ժամանակ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկայացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Մայր Աթոռում կազմակերպվելիք միջոցառումերը, ինչպես նաեւ անդրադարձավ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դերակատարությանը` որպես Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի համանախագահի:
Պլենար նիստի ընթացքում, որը նախագահում էին Տ. Նարեկ արքեպիսկոպոս Ալեմեզյանը եւ Քրիստոնեության միասնության ջատագովման պապական խորհրդի նախագահ Կարդինալ Կուրդ Կոխը, Տ. Շահե վարդապետ Անանյանը ներկայացրեց ՙԵրուսաղեմը պատարագի եւ ուխտագնացության միջեւ. Հայկական ավանդության ուսումնասիրություն՚ աշխատանքը:
Ապա Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն առանձնազրույց ունեցավ Կարդինալ Կուրդ Կոխի հետ:
Իսկ Հունվարի 29-ին մասնակիցներին պաշտոնական ընթրիքի ընդունեց Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու պատրիարք Մար Թոմա Պաոլոս Բ-ն:
Այս օրերին ժողովականները նաեւ ներկա կգտնվեն Հնդիկ Մալանկարա Ուղղափառ Եկեղեցու ճեմարանի 200-ամյակին: