Սիրիայի հայկական համայնքն անվտանգության եւ կենսական լրջագույն խնդիրների առջեւ է կանգնած. սիրիահայերը պայքարում են ոչ միայն ողջ մնալու համար, այլեւ հաց, դեղորայք հայթայթելու համար: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արաքս Փաշայանը:
«Տուժեց մեր մայր գաղութը` Հալեպը: Պարենային ճգնաժամ է Սիրիայում. մարդիկ ժամերով հացի եւ պարենամթերքի հերթ են կանգնում»,- ասաց Արաքս Փաշայանը:
Արաբագետի խոսքով` այս պահին հայկական համայնքը տվել է ավելի քան 100 զոհ. «Չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա: Վտանգավոր է նաեւ այն, որ հայկական շրջանները դատարկվում են. սիրիահայերը հեռանում են երկրից»:
Անկախ այն բանից, թե որ ուժը կհաղթի Սիրիայում, հայերին վտանգ չի սպառնում: Արաքս Փաշայանը համոզված է, որ ազգային փոքրամասնությունները կշարունակեն նույն կերպ ապրել:
«Իհարկե, իսլամական ռադիկալների համար հայկական համայնքը թիրախ է: Բայց նույնիսկ նրանք ազգային փոքրամասնություններին ձեռք չեն տա»,- ասաց նա:
Լրագրողների այն հարցին` ճիշտ են տեղեկությունները, որ սիրիահայերը ներգրավված են ուժային կառույցներում, արաբագետը պատասխանեց. «Անվտանգությունից ելնելով` այս հարցին չեմ պատասխանի: Միայն ասեմ, որ հատուկենտ հայեր կան կառավարական ուժերի մեջ»: