Հոլիվուդյան պրոդյուսերական կենտրոնը հայտարարել է երկու ֆիմերի թողարկման մասին, որոնցից մեկում պատմվելու հայկական եւ ռուսական հանցավոր խմբերի մասին: Այդ մասին իր կայքում հաղոդրում է մամուլի հայտարարությունների տարածման «Marketwired» ծառայությունը:
«Դավաճանություն» («Betrayal») գեղարվեստական ֆիլմի առաջին ցուցադրությունը, որի ստեղծման վրա համատեղ աշխատել են դերասան, սցենարիստ ու ռեժիսոր Ջեք Թոփալյանն ու սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր Ջեյսոն Մորիսը, տեղի կունենա հունվար 24-ին Գլենդելի «Five Star» կինոթատրոնում: Ֆիլմը, որտեղ գործողությունները զարգանում են ժամանակակից Լոս-Անջելեսում, հանդիսատեսին տեղափոխում են հայկական ու ռուսական խմբավորումների մութ աշխարհ՝ դիտարկելով դրա մաս կազմող կանանց ու տղամարդկանց իշխանությունը, պայքարը, չեզոքությունն ու վրեժը, ինչպես նաեւ այն, թե ինչպես է մեր կատարած ընտրությունն ազդում մեր մտերիմների վրա:
Մյուս ֆիլմի՝ «Թշնամիներն ավելի մոտ են» անվամբ, («Enemies Closer»), առաջին ցուցադրությունը նույնպես տեղի կունենա հունվարի 24-ին: Ռեժիսորն է Փիթեր Հայամսը, իսկ գլխավոր դերերում են Ժան-Կլոդ Վան Դամը, Թոմ Էվերթ Սքոթն ու Օրլանդո Ջոնսը: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ամերիկա-կանադական սահմանին գտնվող անտառում, որտեղ երկու երդվյալ թշնամիներ պետք է համագործակցեն դաժան թմրակարտելից փրկվելու համար: