Թուրքիայի Այդընի քաղաքացիական գործերով 3-րդ դատարանում Սեւակ Շահին Բալըքչը սպանության գործով սուտ վկայության դրդած եւ սուտ վկայություն տված Բյուլենթ Քայայի եւ Հալիլ Էքշիի գործով առաջին դատական նիստին Հալիլ Էքշին խոստովանել է, որ ինքը ճնշման տակ է սուտ ցուցմունք տվել։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ դատարական նիստի ժամանակ Սեւակի սպանության ժամանակ միեւնույն վայրում գտնված Հալիք Էքշին հայտարարել է, թե ինքը սկզբում ճիշտ ցուցմունք էր տվել դատարանում՝ ասելով, թե Քվանչ Աղաօղլուն հրազենի փողըն ուղղել էր Սեւակի ուղղությամբ եւ կրակել։ Նա պնդել է, թե դրանից հետո Քվանչ Աղաօղլուի հորեղբայր ներկայացած ոմն Բյուլենթ Քայա իրեն սպառնացել է փոխել ցուցմունքն ի օգուտ Քվանչի, որից հետո նա ստիպված սուտ ցուցմունք է տվել։
Վկային ճնշումների տակ սուտ ցուցմունքի դրդած Բյուլենթ Քայան հերքել է իրեն վերագրվող մեղադրանքները՝ պնդելով, թե նա ոչ մեկին չի ճնշել ցուցմունք փոխելու համար։
Հիշեցնենք, որ որ Սեւակի զորացմանը մնացել էր 23 օր։ 2011-ի ապրիլի 24-ի առավոտյան նա սպանվել է մեկ այլ զինծառայող` Քվանչ Աղաօղլուի կողմից: Սպանության հետ կապված ժանդարմերիան հայտարարել է, որ այն տեղի է ունեցել ծառայակից ընկերոջ հետ կատակ անելու ժամանակ, իբր, պատահաբար արձակված կրակոցից։ Սեւակի ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են ազգայնականության հողի վրա՝ հայ լինելու համար։
Դատարանը հենց առաջին դատական նիստին ազատ է արձակել Քվանչ Աղաօղլուին` նշելով, թե նա փախչելու առիթ չունի: Դիարբեքիրի զինվորական դատարանում բարձրաստիճան մի զինվորական, ում անունը չի հայտնվում, հայտարարել է, թե Սեւակի սպանությունից հետո ականատես մի զինվոր մոտեցել է իրեն` ասելով, թե Քվանչ Աղաօղլուն Սեւակին ասել էր. «Թմբլիկ, քեզ սպանելու եմ»։
Սեւակ Շահին Բալըքչըի սպանության գործով դատարանը 4,5 տարվա ազատազրկման է դատապարտել Սեւակի զինծառայակից Քվանչ Աղաօղլուին` անփութության հետեւանքով մարդ սպանելու համար:
Դատարանը, հաշվի առնելով, որ Քվանչ Աղաօղլուն որոշ ժամանակ կալանքի տակ է եղել, որոշում է կայացրել, որ նա 3 տարի է գտնվելու ազատազրկման մեջ: