Փարիզ այցելած Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Հայ առաքելական եկեղեցու ֆրանսիական թեմի՝ հրաժարական ներկայացրած առաջնորդ Նորվան Զաքարյանի հետ իր հարաբերություններն «հայրական» է անվանել հայ-ֆրանսիական «Nouvelles d’Arménie» թերթին տված բացառիկ հարցազրույցում:
Պատասխանելով արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին՝ վերջինիս սկանդալային հրաժարականից հետո, Գարեգին II-ը պատասխանել է. «Օգտագործելով եկեղեցական բառապաշարը՝ ես իմ հարաբերությունները Նորվան Զաքարյանի հետ «հայրական» կանվանեի: Կաթողիկոսը Եկեղեցու բոլոր սպասավորների հայրն է համավում, ու ես իմ հարաբերությունները եկեղեցու սպասավորների հետ բոլո մակարդակներում այդպիսիք պետք է համարեմ: Նորվան Զաքարյանի հրաժարականից հետո մենք նրան Էջմիածին հրավիրեցինք՝ մասնակցելու Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին, առավել եւս, որ նա խորհրդի պաշտոնական անդամն էր հանդիսանում: Նպատակն էր հնարավորություն տրամադրել նրան ներկայացնել իր խնդիրները: Հետո մենք հրավիրեցինք նրան մասնակցելու Եպիսկոպոսական ժողովին: Երկու դեպքում էլ նա մերժեց հրավերը: Նույնիսկ այսօր, երբ ես կարճ ժամանակով Փարիզում եմ, եմնք տեղեկացանք, որ արքեպիսկոպոս Նորվանը բացակայում է եւ Էջմիածին իմ վերադարձից միայն մեկ օր անց կվերադառնա: Այնպես որ որեւէ անմիջական կապ կամ անձնական զրույց մեր միջեւ նրա հրաժարականից հետո չի եղել: Հույս ունեմ, որ հետագայում նման հնարավորություն կներկայանա»:
Ինչ վերաբերում է եկեղեցու մասնակցությանը 2015թ.-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ միջոցառումների նախապտրաստմանը, Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է. «Մենք վերջերս Էջմիածնում եպիսկոպոսական ժողով ենք անցկացրել: Առաջին անգամ Հայ առաքելական եկեղեցում բոլոր եպիսկոպոսները հավաքվել էին Մայր Աթոռում՝ Անթիլիասի եպիսկոպոսությունը կաթողիկոս Արամ I-ի գլխավորությամբ եւ ամենայն հայոց եպիսկոպոսությունը՝ իմ գլխավորությամբ: Օրակարգի հիմնական հարցը Հայոց ցեղասպանության զոհերի դասումը սրբերի շարքը: Եկեղեցին, փաստացի որոշել է մեր նահատակներին հարյուրամյակի առթիվ դասել սրբերի շարքը: Բացի այդ, տարբեր հանձնաժողովներ են ձեւավորվել, որոնք պատասխանատու են հոգեհանգստի ծրագրերի համար, շատ նախագծեր քննարկման ու նախապատրաստման փուլում են:
Կաթողիկոսն օրինակ է բերել մտադրությունը բոլոր դավանանքների կրոնական առաջնորդներին հրավիրել Էջմիածին՝ նահատակների հիշատակի ընդհանուր աղոթքի համար, ինչպես նաեւ լսելի դարձնել նրանց ձայնը, որը դատապարտում է ընդհանրապես մարդկության դեմ իարգործված իրադարձությունները եւ հատկապես սարսափելի հանցագործությունը հայերի դեմ: «Մենք նաեւ քննարկում ենք կազմակերպել նման նախաձեռնություն այն երկրներում , որտեղ հայկական մեծ համայնք կա: Օրինակ, 2015 թ. նման արարողություն տեղի կունենա Վաշինգթոնում՝ այդ երկրի կրոնական առաջնորդների ներկայությամբ», - ասել է նա, հավելելով, որ ընդհանուր առմամբ 29 ծրագրեր են քննարկվում, սակայն ոչ բոլորը կընդունվեն, որպեսզի ջանքերը կենտրոնացնեն կարեւոր նախաձեռնությունների վրա եւ զուր ժամանակ չվատնեն: