Ներգաղթյալների իրավունքների պաշտպանության կազմակերպությունները եւ Կատալոնիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ցույց են կազմակերպել Բարսելոնայում օտարերկրացիների ինտեգրման կենտրոնի առաջ: Ցուցարարները պահանջում են պարզություն մտցնել Հայաստանի 32-ամյա քաղաքացու գործում, որին պահում էին օտարերկրացի ձերբակալվածների ճամբարում, գրում է իսպանական El Diario-ն: Մանուկյանին դատապարտել էին անօրինական զենք պահելու եւ կողոպուտի համար:
Երկու այլ ներգաղթյալներ, ովքեր կարող էին պարզաբանել կատարվածը, արտաքսվել են իրենց երկրներ: Դեկտեմբերի 3-ից, երբ հայտնաբերվել էր Մանուկյանի մարմինը, նրանց հետ մշտական կապի մեջ էր գտնվում Tanquem els CIE կազմակերպությունը:
Ոստիկանության վարկածով՝ Մանուկյանին ագրեսիվ պահվածքի համար տարել են բանտախուց, իսկ գիշերը ժամը 3-ի սահմաններում նրան հայտնաբերել են կոշիկի ամրաթելերից կախված վիճակում:
Ներգաղթյալներն այլ բան են պատմում. Մանուկյանը լեզու չի գտել ոստիկանների հետ, իսկ խցից, ուր նրան տարել էին, մինչ առավոտ լսվում էին բղավոցներ ու տնքոցներ:
Իր հերթին Կատալոնիայի հայկական կազմակերպություններից Armenia a Catalunya Aradat-ը հայտարարել է, որ «ուս ուսի» պայքարելու է գործի արդար քննության համար:
«Ինքնասպանության վարկածը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում. Մի քանի տարվա ազատազրկումից հետո նրան ընդամենը մեկ օր էր մնացել, որպեսզի ազատության մեջ հայտնվեր ու տեսներ ընտանիքին»,- հայտարարել է Մանուկյանի ընկերը՝ Վարդանը: Նրա խոսքով՝ բանտում նա լավ վարքագիծ է ունեցել, իսկ նրա հետ բանտարկված մյուս կալանավորները երբեք չեն անվանել նրան ագրեսիվ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am