Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավիթօղլուին այցի հետ կապված որեւէ արտառոց բան չկա, այն որեւէ կապ չունի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը։
Նա նշեց, որ այցը կկայանա եւ այդտեղ որեւէ արտառոց բան չկա։ Դավիթօղլուի հայտարարությունը նա գնահատեց մի քիչ ոչ օբյեկտիվ, «ուստիեւ կյանքը կշարունակվի անկախ նրանից կգա, թե ոչ»։ Նա նաեւ նշեց, որ Ադրբեջանը սխալ է այդ հարցում, քանի որ սա հնարավորություն է դիվանագիտկան շփումների համար։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, թե նա պետք է այցելի Ծիծեռնակաբերդ, Արարատ Զուրաբյանն ասաց, որ «նման ոճի հայտարաություններ կարող են անել նրանք, ովքեր իշխանության մեջ չեն, այդ հայտարարությունը տեղին չէ, կարծում եմ՝ չպետք է գնանք այդ ճանապարհով» ։
Նա նաեւ նշեց, որ մեր պետական այրերը պետք է եռանախագահների հայտարարությունը հիմք ընդունեն եւ անցնեն առաջ, «պետք է պահպանենք թե մեր ազգային արժանապատվությունը, թե մեր երկրի վարքն ու բարքը»։
Նշենք, որ ՀՀ ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հաստատել էր, որ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի կայանալիք նիստին հրավիրված են բոլոր մասնակիցները, այդ թվում` Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարները:
Դավութօղլուն հայտարարել է, որ մասնակցելու է դեկտեմբերի 12-ին Երեւանում կայանալիք Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին։