Հալեպի հայ համայնքի համար սպառնալիքը դեռ պահպանվում է, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց արաբագետ, իսլամագետ Սարգիս Գրիգորյանը։
«Հալեպի հայերը շարունակում են չեզոքություն պահպանել, սակայն տևական ռազմական գործողությունների պատճառով քաղաքի հայ համայնքը դեռ սպառնալիքի տակ է»,– ասաց նա։
Ընդհանուր առմամբ, ըստ Գրիգորյանի, վերջին օրերին սիրիական հակամարտությունում կարևոր փոփոխություններ չեն եղել, և ընդդիմադիր կողմերի միջև ինտենսիվ կռիվները շարունակվում են։
«Հիմնական ռազմական գործողությունների ասպարեզն այժմ տեղափոխվել է սիրիական մայրաքաղաքի մերձակա շրջաններ` Հալեպը հատող տարածքներ, ինչպես նաև որոշ հյուսիսարևելյան շրջաններ, որոնք բնակեցված են քրդերով»,– նշեց նա։
Միաժամանակ Գրիգորյանն ավելացրեց, որ վերջին շրջանում կռիվներն ընթանում են ոչ միայն կառավարական զորքերի և զինված ընդդիմության ուժերի, այլ նաև չափավոր ընդդիմադիր և իսլամական ուլտրաարմատական խմբավորումների շրջանում, ինչպես նաև իսլամիստների և քրդական ջոկատների միջև։
Իսլամագետը նաև կարծում է, թե Սիրիայի խաղաղ համաժողովը, որը նախատեսված է 2014թ.–ի հունվարին, որևէ փոփոխություն չի կատարի սիրիական հարցի լուծման գործում, եթե անկեղծ չլինի ներգրավված բոլոր ներքին և արտաքին ուժերի կողմից հակամարտության շուտափույթ կարգավորման ցանկությունը։ «Հակառակ դեպքում շատ հարցեր անլուծելի կմնան նաև 2014թ.–ին»,– ավելացրեց նա։
Սիրիայում բախումները շարունակվում են 2011թ.-ի մարտից, ըստ ՄԱԿ-ի տվյալների, զոհերի թիվը հասել է ավելի քան 100 հազարի:
Սիրիայի հայ համայնքը մինչև վերջին ժամանակները շուրջ 100 հազար մարդուց էր բաղկացած, ովքեր զգալի դեր էին խաղում Սիրիայի սոցիալական, քաղաքական և մշակութային կյանքում։ Սիրիայում տիրող լարված ռազմաքաղաքական իրավիճակի հետևանքով հայերի արտահոսք է սկսվել դեպի պատմական հայրենիք։
Նովոստի–Արմենիա