NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է թուրքական «Today՝s Zaman» թերթում նույն պարբերականի թղթակից Սինեմ Ջենգիզի հոդվածը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հաջորդ շաբաթ ծրագրում է այցելել Երեւան. 2009թ.-ին Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կարգավորման արձանագրությունների կնքումից հետո այս առաջին դիվանագիտական քայլը կարեւոր նշանակություն ունի Անկարայի եւ Երեւանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար:
Թուրք բարձրաստիճան դիվանագետներից մեկը գաղտնիության հիմունքներով «Today's Zaman» թերթի հետ զրույցում հայտնել էր, որ Դավութօղլին չի կարողացել Կիեւում հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի հետ երկկողմանի հանդիպում անցկացնել, քանի որ ծանրաբեռնված օրակարգ է ունեցել: Դիվանագետը նաեւ նշել է, որ դեռ պարզ չէ, Երեւանում Դավութօղլու եւ Նալբանդյանի միջեւ հանդիպում կկայանա, թե ոչ, նա հավելել է, որ այնուամենայնիվ արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա:
«Չնայած այցը ՍԾՏՀ շրջանակներում է, այն շատ կարեւոր է, քանի որ Թուրքիայի կողմից առաջին այցն է բարձր մակարդակում: Այցը կարեւոր է նաեւ, քանի որ համընկնում է ժամանակահատվածի հետ, երբ Թուրքիան ջանքեր է գործադրում Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար: Այցը թույլ կտա կողմերին քննարկել տարածաշրջանային հարցեր»,- հայտնել է դիվանագետը:
Թուրքիայի արտաքին քաղաքականության ոլորտի փորձագետները համարում են, որ Անկարայի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորումը կմեղմացնի Թուրքիայի արտաքին քաղաքական ծանր բեռը: Թուրքիայի նախկին արտգործնախարար, իսկ ներկայում Անկարայում գտնվող Ռազմավարական հաղորդակցության կենտրոնի նախագահ Յաշար Յակիշը հայտարարել է, որ Թուրքիան ու Հայաստանը պետք է իրենցից կախված ամեն ինչ անենա, որպեսզի լուծում գտնեն հակասություններին:
Վերլուծաբան Մեհմեթ Ֆաթիհ Օզթարսուն, ով ապրել եւ սովորել է Հայաստանում ու մասնագիտացված է Կովկասի վերաբերյալ հարցերում, նշել է, որ այդ այցին կարող է հաջորդել իրադարձությունների զարգացում, եթե Երեւանը բարձր գնահատի թուրքական կողմի արծարծած հարցերին: «Եթե Հայաստանն այս այցը դրական համարի, ապա երկու երկրների միջեւ նոր գործընթաց կարող է սկսվել»,- «Today՝s Zaman» թերթին հայտնել է Օզթարսուն: