Այսօր, դեկտեմբերի 7-ին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:
Միջոցառման սկզբում բոլոր ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը, ինչից հետո կենտրոնի սաները պատմեցին եւ բանաստեղծություններով ներկայացրին 1988թ. հայ ժողովրդի մեծ աղետը:
Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին ավերիչ երկրաշարժի ժամանակ նկարահանված լուսանկարները, որոնք խորապես հուզեցին բոլոր ներկաներին:
Երիտասարդական կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Էդուարդ Այվազյանը իր խոսքում հիշեց նաեւ վրաց ժողովրդի ցուցաբերած օգնությունը երկրաշարժից անմիջապես հետո, ով առաջինն էր հասել աղետի վայր օգնելու բարեկամ հայ ժողովրդին: Նա նաեւ խնդրեց երկրաշարժի աղետի ականատեսներին ավելի մանրամասն պատմել այդ օրերի կատառվածը:
Միջոցառմանը ներկա գտնվող Ախալցխայի Գամգեբելիի տեղակալ Աշոտ Մանասյանը հուզմունքով պատմեց ներկաներին, որ ինքը եւս այդ օրերին գտնվել է աղետի վայրում ու փորձել օգնել տեղացիներին, իսկ Վահրամ Գայֆեճյանի անվան ստեղծագործողների միության նախագահ Ալեքսանդր Իգիթխանյանը հուզմունքի ազդեցության ներքո մեծ դժվարությամբ կարողացավ պատմել, թե ինչպես այդ օրերին Ախալցխայի հայկական դպրոցը, որտեղ նա աշխատում էր որպես մանկավարժ, վերածվել էր օգնության շտաբի:
Սպիտակի ավերիչ երկրաշարժի 25-րդ տարելիցի առիթով, անմեղ զոհերի հոգիների հանգստյան համար այսօր Սբ. Պատարագ էր տեղի ունեցել Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:
akhaltskha.net