Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ԱՄՆ կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե Ստամբուլի քաղաքապետի իրենց թեկնածուն Մուսթաֆա Սարըգյուլն է։
Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ հանդիպումների համար ԱՄՆ-ում գտնվող «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն Վաշինգտոնում իրականցրել է իր գլխավորած կուսակցության ներկայացուցչության բացումը, որի ժամանակ հայտարարել է, թե Ստամբուլի քաղաքապետի իրենց թեկնածուն հայտնի է՝ տալով Շիշլիի ներկայիս քաղաքապետ Մուսթաֆա Սարըգյուլի անունը։
Նշենք, որ Մուսթաֆա Սարըգյուլը առաջին թուրք քաղաքապետն է, ով Ստամբուլի հայկական եկեղեցիների, դպրոցների վերանորոգման եւ ազգային փոքրամասնությունների միջոցառումներին աջակցելու համար Պոլսո հայոց պատրիարքարանի կողմից Հովհաննես Կոլոտ պատրիարքի անունով հատուկ մեդալ է ստացել։ «Ձեզի շատ գսիրեմ»,-իր շնորհակալական խոսքում հայերենով ասել էր Մուսթաֆա Սարըգյուլը: