Հարգելի ընթերցողներ, Ձեզ ենք ներկայացնում Ռաֆայել Պատկանյանի ՙ Վարդապետարան Հայաստանի ազատության ՚, որը լույս է տեսել 1889թ. – ին, բայց մինչ այսօր չի կորցրել իր արդիականությունը:
Ամո՛թ, հավիտենական ամո՛թ հայերին:
Կիսագազան սևամորթ ստրուկը հիմնեց իր անկախ Լիբերիա պետությունը, ու դարերով հալածված ջհուդը փողի ուժով իրեն սեփականություն դարձրեց Պաղեստինի 2/5 մասը, իսկ անհոգ հայերն իրենց հարազատ դրախտ Հայաստանի մեջ մեկ թիզ անկախ խորշ չունեն…
Հարց 1. Ո՞վ պիտի ազատի Հայաստանն օտարների ձեռքից:
Պատասխան. Ինքը՝ հայ ազգը պիտի ազատի Հայաստանն օտարների ձեռքից:
Հարց 2. Ի՞նչ հնարքներով:
Պատասխան. Հնարքները զանազան են, նայելով հանգամանքներին - երբեմն սեփական զենքով, երբեմն փողով ու երբեմն օտարի օգնությամբ:
Հարց 3. Մի՞թե կարող է Հայաստանը երբևիցե հայերիսեփականությունը դառնալ:
Պատասխան. Այո՜, կարող է. անշուշտ կդառնա նա հայերի սեփականությունը, եթե բոլոր հայերը այր ու կին, հարուստ ու աղքատ, ծեր ու պատանի այնպես բաղձան ու ձգտեն Հայաստանի ազատությանը, ինչպես քաղցածը ձգտում է հացին ու ծարավածը՝ ջրին:
Հարց 4. Ո՞ր երկիրն է կոչվում Հայաստան:
Պատասխան. Հայաստան կոչվում է այն երկիրը, որը շրջապատում է Սևան, Վան և Ուրմիա ծովակները, իսկ ամենը միասին՝ Մասիս լեռները:
Հարց 5. Ո՞վ է հայի թշնամին ու ո՞վ է նրա բարեկամը:
Պատասխան. Հայի թշնամին նա է, ով աշխատում է հայերին հեռացնել Հայաստանից ու սուտ արհավիրքներով վհատեցնում է նրանց այդ ազգաշեն գործում:
Իսկ հայերի բարեկամը նա է, ով դյուրացնում է նրանց կամ իրենց աշխարհը վերադառնալու, կամ հորդորում է իր աշխարհի մեջ հաստատուն մնալ:
Հարց 6. Ո՞վ է իսկական հայը:
Պատասխան. Իսկական հայը նա է, որ անկեղծ ցանկանում ու նպաստում է Հայաստանի անկախությանը:
Մնացյալները ԱՌՄՅԱՇԿԱՆԵՐ են, այսինքն ոչ միայն անպիտան հայեր, այլև անպիտան մարդիկ:
Հարց 7. Ո՞ր աշխարհի մեջ հայը կարող է երջանիկ լինել:
Պատասխան. Հայը երջանիկ լինել կարող է միայն Հայաստանի մեջ, քանզի նա ամեն տեղ հալածված ու արհամարված պանդուխտ է, և միայն Հայաստանի մեջ նա պատվավոր մարդ է մարդկության աչքում:
Հարց 8. Հայերը Հայաստանից դուրս ո՞ւմ նման են:
Պատասխան. Հայերը Հայաստանից դուրս նման են օտարի տուն վարձողի, ով աշխատում է զարդարել այն տան պատերը, որից վաղ թե ուշ դուրս պիտի հրավիրի օրինական տանտերը:
Հարց 9. Ի՞նչ վիճակի կհանդիպեն հայերը, եթե Հայաստանըչազատագրեն:
Պատասխան. Եթե հայերը Հայաստանը չազատագրեն, նրանք շատ շուտ (գուցե 50 տարի անց) բնաջինջ կլինեն աշխարհի երեսից:
Հարց 10. Մի՞թե հարստությունը չի օգնում հայերին պահպանվելօտարության մեջ:
Պատասխան. Օտարության մեջ աղքատությունն անշուշտ մաշում է հայերին, բայց ավելի շուտ մաշում է հարստությունը:
Հարց 11. Ի՞նչ տարբերություն կա հպատակի ու ստրուկի միջև:Հայերն օտար պետությունների հպատակ են, թե՞ ստրուկ:
Պատասխան. Հպատակ նշանակում է իր ազգային կառավարության ու դրա օրենքներին ակամա, բռնի և կամ հիմարաբար հնազանդվող: Հայերը ամեն օտար պետությունների ստրուկ են, քանզի դրանց օրենքների հորինելուն անմասն են եղել, և ամեն տեղ հայի դավանած կրոնն ընկճված է, և նրա ազգային ծեսերը հալածված ու արհամարված են:
Հարց 12. Առանց վտանգի ի՞նչ ազգասիրական գործեր կարող էկատարել ամեն մի հայ մարդ:
Պատասխան.Սեփական անձը վտանգի չենթարկելով՝ ամեն հայ մարդ կարող է և պարտավոր է այս գործերը կատարել.
ա) Հայաստանում ունենալ (սա ամենագլխավորն է) մեծ կամ փոքր հողային կալվածք,
բ) հայ ոգով դաստիարակել զավակներին,
գ) սովորեցնել նրանց զենքի գործածությունը,
դ) չամուսնանալ օտարի հետ:
Հարց 13. Որո՞նք են հայկական առաքինությունները:
Պատասխան. Ամենագլխավոր հայկական առաքինությունն է.
ա) տնով-տեղով գաղթել դեպի Հայաստան,
բ) իր բոլոր ուժերը կիրառել, հորդորել իր ծանոթ հայերին չվել Հայաստան,
գ) համոզել և օգնել ամեն մի հայի Հայաստանի մեջ սեփական անշարժ կալվածք և հող գնելու,
դ) ջանալ Հայաստանի մեջ արվեստի և հողագործական դպրոցներ հիմնելու:
Հարց 14. Որո՞նք են հայկական մոլորությունները:
Պատասխան. Ամենագլխավոր ու ազգակործան հայկական մոլորությունն է.
ա) աշխարհաքաղաքացիություն,
բ) պանդխտություն,
գ) անձնական շահի համար տարատեսակ խարդախություններ, որով կոտրվում է հայ ազգի անունը,
դ) շահասիրական ազգասիրութին (կեղծ ազգասիրութիւն),
ե) հայ մեծավորների դեմ ըմբոստութիուն (դավաճանություն, մատնություն), և
զ) օտարի հետ ամուսնություն:
Հարց 15. Ի՞նչ խոսքեր Հայոց լեզվից դուրս պիտի ձգել:
Պատասխան. Հայոց լեզվից առմիշտ պետք է դուրս ձգել վհատեցուցիչ, հուսահատական, ազգի վարկը ստորացնող, խորամանկություն (աչքակապություն) սերմանող խոսքերը, առածները, խրատները և խորհուրդները. «Հայը թակէ Վարդանին», «թուրքը թակէ Վարդանին», «Որտեղ հայ, այնտեղ վայ», «Էլի հայութիւն արի՞ր» (այսինքն դարձեալ ամենավատթար գործ գործեցիր), «Հայի տունը քանդողը մեր սեւագլուխներն են», «Հաստն ու բարակ մեկ գին է», «Վայ է բարակ մանողին», «Հայերն անմիաբան են»:
Հարց 16. Առավոտ ու գիշեր ի՞նչ աղոթք պիտի անի հայը:
Պատասխան. Հայը քնից զարթնելիս կամ քուն մտնելիս միայն այս աղոթքը պիտի կարդա. «Ո՛վ բարեգութն Աստված, օգնի՜ր ինձ Հայաստանն ազատել»: Դրանից ավել ոչ մի ուրիշ աղոթք հարկավոր չէ հային:
Հարց 17. Հայ պատանիների համալսարան մտնելը նպաստո՞ւմ էհայկական նպատակներին:
Պատասխան. Այժմ հայ պատանիների համալսարան մտնելը հայոց նպատակներին վերաբերվելն այն նշանակությունն ունի, ինչ նշանակություն որ կունենար, եթե ավազակը հենց վրադ հարձակված րոպեին կամենայիր սրի ու զենքի գործարաններ շինել: Այդ առումով հայերն առնվազն 100 տարի ուշացել են: Մյուս կողմից 40-50-ամյա փորձը ցույց տվեց, որ համալսարանների տված արդյունքը հայ պատանիներին հետևյալն է.
ա) դյուրին միջոց՝ ապահով ապրուստ ճարելու ու ասպարեզ շինելու, և
բ) անզգալի կերպով սառչելու իր ազգից ու հոգով օտարանալու ազգի շահերից:
Իսկ եթե կան մի քանի իսկապես արժանավոր հայ համալսարանականներ, ապա պետք է կարծել, որ նրանք առանց համալսարան մտնելու ևս ազգի պիտանի անդամներ կդառնային, ինչպես որ կան ազգի մեջ շատ նշանավոր մարդիկ, ովքեր երբեք համալսարան եղած չեն: Պետք է ի նկատի ունենալ և այն հանգամանքը, որ այժմյան համալսարանները և նույնիսկ գիտությունը դարձել են բռնակալների ձեռքում ազգեր ստրկացնելու հզոր գործիք:
Հարց 18. Ազատագրված Հայաստանում ազնվականություն,ժառանգական տիտղոսներ, մեծամեծ հողային կալվածատիրությունպիտի լինեն, թէ՞ ոչ:
Պատասխան. Այո՜, պիտի լինեն ժառանգական տիտղոսներ, մեծամեծ հողային կալվածատիրություն պիտի ստանան նրանք կամ նրանց ժառանգները, ովքեր առաջինը կբարձրացնեն սուրը Հայաստանի ազատության համար և կամ կզրկվեն իրենց կյանքից արյան դաշտում: Այսպիսիք (և միայն այսպիսիք) կկազմեն Հայաստանի բարձրագույն և ամենահարուստ (հողային կալվածներով) դասակարգը:
Հարց 19. Ո՞րն է հայի նշանաբանը:
Պատասխան. Հայի նշանաբանն այս երեք բառերն են. ազատություն կամ մահ:
Հարց 20. Հայաստանն արժե՞ այդքան մեծամեծ զոհերի:
Պատասխան. Այո՜, Հայաստանն արժե ամենամեծ զոհերի, քանզի նրա մեջ ապրողի կյանքի տևողությունը միջին թվով 75 տարի է, Հայաստանի հողը մշակողին տալիս է 1 ցանած սերմնահատի փոխարեն 45-60 սերմնահատ: Հայաստանի մեջ վազած աղբյուրների կեսը հանքային բժշկարար ջրեր ունեն, Հայաստանի դիրքը միջաշխարհային է, այսինքն՝ Ասիայի ու Եվրոպայի սահմանագլուխներում: Հայաստանի ժողովուրդը եթե չլինի ազգերի մեջ ամենահզորը, գեթ նա կլինի ամենահարուստն ու ամենաբախտավորը: Հայաստանը հարուստ է և՜ կենդանիներով, և՜ բույսերով, և՜ հանքերով:
Հարց 21. Ի՞նչ պատճառով Հայոց անկա¬խությունը 4 անգամ կորսվեց:
Պատասխան. Հայերի անկախության 4 անգամ կորչելու պատճառները միևնույնն էին. նախ Հայաստանի հողը պատկանում էր 300-400 մեծամեծերի (նախարարների) և ոչ թե իր միլիոնավոր ժողովրդին, և երկրորդ՝ հայե¬րի խելքը չկտրեց ազգային դրական օրենքներ հորինելու: Հայոց ազգը չուներ ոչ սեփական հող և ոչ օրենք: Նրա հարևան տերություններին շատ դյուրին էր ընկճել մի ազգ, որ զրկված էր և՜ իրավունքից, և՜ սեփականությունից, իսկ հայ ազգի համար օտարների լուծը ոչնչով ավելի ծանր ու դառը չէր, քան համազգի նախարարների լուծը:
Հարց 22. Ո՞րն է ավելի շատ արյան և փողի զոհ պահանջում հայերից՝թշնամու հետ պատերազմը, թե՞ այժմյան խաղաղ ստրկական վիճակը:
Պատասխան. Այն ստոր, արտասվելի, անընդունելի վիճակը, որի մեջ են այժմ հայերը, ավելի շատ արյան և փողի (նյութական) զոհ է պահանջում հայերից, քան դեմ առ դեմ պատերազմը սինքլոր թաթարների, քրդերի ու չերքեզների հետ: Տարեցտարի հազարավոր հայեր են մորթվում և միլիոնների փող և ապրանք են կողոպտում, հափշտակում, գողացվում, փչացվում անպաշտպան, փոքրոգի հայերից:
Հարց 23. Ո՞վ պիտի բարձրացնի ազատության դրոշակը և սուրը:
Պատասխան. Դրոշակը պիտի բարձրացնի հայ վարդապետը, իսկ սուրը՝ ամբողջ հայ պատանեկությունը, երիտասարդությունը և տղամարդիկ՝ 16 տարեկանից մինչև 45 տարեկանը:
Հարց 24. Ի՞նչ փողով պիտի ձեռք բերվեն զենք, պարեն, զգեստ և այլռազմամթերք:
Պատասխան. Կանխիկ վաճառված Հայաստանի բոլոր անշարժ կալուածքների գնի փողով, այն կալուած-քների, որ այժմ ապօրինի կերպով տիրապետել են բարբարոս օտարազգիները: Իսկ ով կհրաժարվի կանխիկ վճարելու Հայաստանի գինը, նա ընդմիշտ զրկված կլինի Հայաստանցի-Հայ (այսինքն՝ ազատ Հայ) կոչումից:
Հարց 25. Ո՞վ պիտի ընտրվի Հայաստանի կառավարիչ:
Պատասխան. Հայաստանի կառավարիչ կընտրվի նա, ում զինյալ հայ գունդը կճանաչի ամենախոհեմը, ամենաքաջն ուամենաազնիվը:
Հարց 26. Ի՞նչ է նշանակում հաղթել և ի՞նչ՝ հաղթվել:
Պատասխան. Հաղթել նշանակում է թշնամու ընդառաջ անվախ գնալ և ոչ ոքից չսարսափել-չվախենալ:
Հաղթվել նշանակում է պատերազմի դաշտում սրտի մեջ երկյուղ տածել:
Անվախը (քաջը) վախկոտին միշտ հաղթում է:
Հարց 27. Հայի ազգային հատկանիշները որո՞նք պիտի լինեն:
Պատասխան. Հայի ազգային հատկանիշները պիտի լինեն Հայոց լեզուն և Հայաստանն ազատագրված տեսնելու փափագը:
Հարց 28. Ո՞րն է հայ ազգի կրոնը:
Պատասխան. Հայի ազգային կրոնը հաստատուն հավատն է, որ Հայաստանը պիտի ազատագրվի օտարի լծից: Ով այս բանին հավատում է, նա՜ է ուղղափառ հայադավանը:
Հարց 29. Ապա ի՞նչ է նշանակում Լուսաւորչադաւան, պապական կամկաթոլիկ ու լյութերական կոչումները:
Պատասխան. Դրանք մարդկային կրքերի և կոշտ տգիտության ստեղծած ու այժմ հնացած գաղափարներ են, որոնք մեծապես վնասեցին ու այժմ էլ վնասում են հայ ազգին:
Հարց 30. Ճշմարի՞տ է, որ ասում են, թե ազգը ստրկությունիցազատելու համար պետք է մեծամեծ վտանգների ենթարկվել ու պետքէ ահագին փող վատնել:
Պատասխան. Այո՜, շատ ճիշտ է: Եթե ազատագրողները 2-3 հոգի լինեն, վտանգը շատ մեծ է ու կորուստն՝ անխուսափելի, զոհերն էլ՝ մարդկային ուժից վեր, բայց եթե ամբողջ ազգը մասնակցի, այն ժամանակ և՜ վտանգը, և՜ զոհողությունն այն աստիճան կթեթևանան, որ ամեն մի անհատին գրեթե անզգալի կթվան:
Հարց 31. Ի՞նչը պիտի միավորի հայերին այդ մեծ գործի համար:
Պատասխան. Ընդհանուր վտանգը մոտալուտ կորստին: Դրա համար ամեն մի հայի վրա սուրբ պարտք կա միմյանց պատմելու, հասկացնելու, որ եթե իրենք վաղօրոք չազատագրեն Հայաստանը, օտար ազգերը բնաջինջ կանեն հայոց լեզուն և հայկական եկեղեցին, ու այնուհետև հայն ինքնըստինքյան կանհետանա աշխարհի երեսից: Այն ժամանակ ամեն գերդաստանի հայ կիմանա, որ լավ է նրա մի որդին ծառայի իր ազգին, քան իր ամբողջ ընտանիքը ոչնչանա, ու լավ է իր հարստության մի փոքրիկ մասն ընծայվի իր ազգի օգտին, քան իր բոլոր գանձերն օտարի սեփականությունը դառնա:
Հարց 32. Ի՞նչ են նշանակում այն գեղեցիկ արտոնությունները, որժամանակ առ ժամանակ առատաձեռնորեն շնորհում են օտարպետությունները հայոց ազգին:
Պատասխան. Այն արտոնությունները, որ օտար պետությունները շնորհում են հայերին, նման են թակարդի մեջ դրած այն համով կերին, որով երեխաները բռնում են միամիտ թռչուններին: Այդպիսի արտոնություններով ամայացավ Հայաստանն իր բնիկ ժողովրդից, ու պարզամիտ հայերը հասան այս օրվա ցավալի թշվառ վիճակին:
Հարց 33. Հայերի ոտքի ելնելն ընդդեմ բռնության իրավացի գործ է, թե՞ապօրինի:
Պատասխան. Հայերի ոտքի ելնելը Հայաստանի ազատության համար իրավացի գործ է թե՜ քրիստոնեական և թե՜ քա¬ղաքական օրենքների տեսանկյունից, և արժանի է աշխարհի ամեն լուսավորյալ ու ազնիվ մարդկանց գովասանքին:
Հարց 34. Ուրեմն հայերն իրավունք ունե՞ն զենքի զորությունովազատել իրենց Հայրենիքը:
Պատասխան. Հայերը Հայաստանը զենքի զորությունով ազատելու համար ոչ միայն ունեն իրավունք, այլև ամեն մի հայի վրա սուրբ պարտք կա այդ սխրալի գործը կատարելու, ինչպես որ ամեն հարազատ որդի լիակատար իրա¬վունք ունի իր հոր ու նախնիների ժառանգությունը ստանալու, և մեծ հան¬ցանք է իր որդիների ու հետնորդների առջև, եթե նա այդ ժառանգությունից հրաժարվի, կամ կամա, կամ հիմարութեամբ և կամ փոքրոգությամբ:
Հարց 35. Ո՞ւր են գնում այն մարդկանց հոգիները, ովքեր մեռնում ենճակատում:
Պատասխան. Ավետարանի խոսքերի հիման վրա, ճակատում (ազգային պատերազմում) մեռնողի հոգին, ի շարս սրբոց, անշուշտ ընկնում է Երկնային Արքայու¬թյուն, քանզի այդպիսին կյանքից զրկվել է ի սեր և ի պաշտպանու¬թյուն իր նեղյալ մերձավորների: Նրա անունը կլինի նահատակ և նրա սուրբ հիշատակը եկեղեցին կտոնի մինչև աշխարհի վերջը:
Հարց 36. Հրացանի ամեն գնդակը դիպչո՞ւմ է ու ամեն խոցվածըմեռնո՞ւմ է:
Պատասխան. Վիճակագրական ամենաճիշտ հաշվարկներից երևում է, որ հրացանի 10.000 գնդակից մեկն է դիպչում մարդուն, և 38 խոցվածներից մեկն է միայն մեռնում:
Հարց 37. Պատերազմի դաշտում խոց¬ված հոգեվարը չի՞ տանջվում:
Պատասխան. Ամենափորձառու բժիշկները հաստատում են, որ փափուկ անկողնի մեջ մեռնելը հազարա-պատիկ ավելի դժվար է, քան պատերազմի դաշտում, իսկ զենքի պատճառած մահը մահերի մեջ ամենաթեթևն է:
Հարց 38. Հնար կա՞ պատերազմի դաշտում մահից ազատվելու:
Պատասխան. Այո՜, կա՜, ու մի հատիկ հնար է այդ: Եթե չես ուզում թշնամին քեզ սպանի, դու ինքդ շտապի՜ր նրան սպանել: Ուր վտանգը շատ մեծ է ու անխու¬սափելի, համարձակ վազի՜ր նրան ընդառաջ և վստահ եղիր, որ վտանգն ինքը կփախչի քեզանից: Սա փորձված երևույթ է: Թշնամու առջևից փախչելը 2 վատ հետևանք ունի. մեկ - որ փախչողն անպատճառ կսպանվի և երկրորդ - դա ակներև կորստի կմատնի իր հավատա¬րիմ զինակից ընկերներին:
Հարց 39. Հայերը ե՞րբ ոտքի պիտի բարձրանան:
Պատասխան. Երբ մեծամեծ ազգերի մեջ սկսվի կենաց ու մահու պատերազմը:
Հարց 40. Իսկ մինչև այդ ժամանակ ի՞նչ պիտի անեն հայերը:
Պատասխան. Այս «Վարդապետարանըե իմաստասիրեն ու նրա բովանդակությունը սրբությամբ կատարեն:
Հարց 41. Հայի կալվածական հարստությունն օտար երկրում ի՞նչ է:
Պատասխան. Հայի կալվածական հարստությունն օտարերկրում ստրուկի աներևույթ, բայց ամենապինդ շղթան է, որով կաշկանդված են նրաձեռքերն ու ոտքերը:
Հարց 42. Ի՞նչ են այն պատվանունները, տիտղոսները,աստիճանները, պատվանշաններն ու վկայաթղթերը, որ ունեն հայերնօտար պետությունների մեջ:
Պատասխան. Այդ պատվանունները, տիտղոսները, աստիճանները, պատվանշաններն ու վկայաթղթերը, որ ստացել են հայերը, օտար պետությունների ստրկության գլխագիրներ են ի հատուցումն իրենց կորցրած ազատության և հայրենիքից ուրացության:
Հարց 43. Ե՞րբ օտարազգիները կդադարեն արհամարհել, ատել ուհալածել հայերին և ե՞րբ կսկսեն հարգել նրանց:
Պատասխան. Երբ հայերն ազատեն իրենց օտարի լծից: Առանց դրա մենք կմնանք արհամարված, ատված, անվանարկված, հալածված ու գարշելի արարածների օտարի աչքում, ավելի ստոր, քան ջհուդները, ցիգանները, փարիաները:
Yerkir.am