Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները վկայում են, որ նա սկսել է ձախողված «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության 2-րդ փուլը։ Նման տեսակետ, այսօր՝ նոյեմբերի 21-ին, մամուլի ասուլիսում, հայտնել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Իսպիրյանի խոսքով՝ թուրքական մամուլում տեղ գտած թուրքական իշխանությունների 2014-ի արտաքին քաղաքականության ճանապարհային քարտեզի մասին բացահայտումներն ու Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունները վկայում են, որ նա սկսել է իր հեղինակած եւ ձախողված «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության 2-րդ փուլը, որի մեջ է մտնում նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Թուրքագետը նշեց, որ «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության 2-րդ փուլում նախատեսվում է 2014-ին անդրադառնալ 5 կետի՝ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավում, Կիպրոսի, Իրաքի հետ հարաբերությունների վերանայման, Իսրայելի հետ հարաբերությունների լարվածության մեղմացման եւ Սիրիայի հետ կապված խնդիրները։
Անդրադառնալով Սեւծովյան տնտեսական համագործակցության երեւանյան համաժողովին Դավութօղլուի այցի հավանականությանը, Իսպիրյանը նշեց, թե Պուտին-Էրդողան հանդիպումից հետո հստակ կլինի այն՝ շեշտելով, որ Դավութօղլուի այցը քիչ հավանական է։
Թուրքագետը նշեց, որ Դավութօղլուի սկսած գործընթացը Հայաստանի հետ կապված արդեն ձախողված է, քանի որ կրկին նախապայման է ներկայացվում Ղարաբաղի խնդիրը, ինչը ընդունելի չէ հայկական կողմի համար։ «Նախօրեին ԱՄՆ-ում Դավութօղլուի արած հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, թե նա օրուգիշեր չի քնում եւ միայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին է մտածում»,-ասաց Իսպիրյանը։