Հայաստանի թատերական գործիչների միությունը մտադիր է նամակով դիմել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն` Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական հայկական թատրոնի վերանորոգումը սկսելու խնդրանքով, հայտնեց Միության ղեկավար Հակոբ Ղազանչյանը։
Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը աշխարհում գործող հայկական հնագույն թատրոնն է: Շենքը կառուցվել է 1936 թ.-ին և վերանորոգվել է միայն մեկ անգամ: Տվյալ պահին շենքը գտնվում է վթարային վիճակում և թատրոնի բեմում ներկայացումներ չեն բեմադրվում։
Ընթացիկ տարվա հուլիսին Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ընթացքում վարչապետ Իվանիշվիլին տեղեկացրել էր, որ մտադիր է միջոցներ հատկացնել թատրոնի շենքը նորոգելու համար։ Միաժամանակ կոնկրետ գումար չնշվեց։
«Վերջապես շենքի վերանորոգումը սկսելու խնդրանքով նամակն արդեն պատրաստ է և գտնվում է թարգմանության փուլում։ Կարծում եմ, որ նամակը կուղարկվի առաջիկա օրերին»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Ղազանչյանը։
Ըստ նրա` նամակի նախապատրաստման հարցում ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը։
«Դեսպանը շատ շահագրգռված է թատրոնի շենքի շուտափույթ վերականգնման և գոնե ամիսը երկու անգամ ներկայացումների բեմադրման հարցում»,– նշեց Ղազանչյանը։
Նովոստի–Արմենիա