Շվեյցարիայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, հանդիպել է Շվեյցարիայի նախագահ, անվտանգության հանձնաժողովի նախագահ Ուլի Մաուրերի հետ եւ քննարկել երկկողմ հարաբերություններին, ԵՄ-ի հետ Հայաստանի գործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը, հայ-թուրքական հարաբերություններին, ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
ԱԱԽ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կողմերն անդրադարձ են կատարել նաեւ 2014թ. ԵԱՀԿ-ում նախագահություն ստանձնող Շվեյցարիայի Համադաշնության գերակայություններին, Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
ԱԱԽ Քարտուղարը հանդիպումներ է ունեցել նաեւ Շվեյցարիայի պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության եւ սպորտի դաշնային նախարարության լիազոր նախարար Քրիստիան Կատրինայի, Արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Իվ Ռոսսիերի հետ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության պահպանմանը, դրան ուղղված քաղաքականությանը, անվտանգության հարցերով երկխոսության մեխանիզմների գործարկմանը վերաբերող հարցեր:
Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը անվտանգության, պաշտպանության եւ արտաքին քաղաքականության ոլորտներում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am