Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Հարաւային Կորէայի Բուսան քաղաքում գումարւած Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը իր վերջին նիստում, գումարւած 2013 թւականի նոյեմբերի 8-ին, ընդառաջելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կոչին, միաձայնութեամբ ընդունեց հետեւեալ բանաձեւը, որով հաստատւում է դարերից ի վեր իսլամ-քրիստոնեայ եւ այլ կրօնների հետեւողների համակեցութիւնն ու խաղաղ գոյակցութիւնը, եւ ապա կոչ է անում Ամերիկային եւ Արեւմտեան երկրներին՝ վերջ տալու Իրանի Իսլամական Հանրապետութեան դէմ դրւած շրջափակումներին, որոնցից երկրի խաղաղասէր ու ազնիւ ժողովուրդն է, որ մեծապէս տուժում է:
Մէկ օր առաջ էլ, հինգշաբթի, նոյեմբերի 7-ի առաւօտեան, համաժողովի նիստին, որին մասնակցում էին աւելի քան երեք հազար հոգի աշխարհի 110 երկրներից, Թեհրանի թեմի ներկայացուցիչ՝ Ագաթա Աբրահամեանը, որ միաժամանակ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան պատւիրակութեան երիտասարդ անդամուհի է, խաղաղութեան մասին քննարկւող օրակարգի ընթացքում խօսեց Իրանում տիրող կրօնական ազատութեան, հայ համայնքի՝ իրանեան հասարակութեանը բերած ներդրումի, եւ Իսլամական խորհրդարանում հայ պատգամաւորների գործունէութեան վերաբերեալ:
Իր խօսքի աւարտին Ագաթա Աբրահամեանն եւս կոչ արեց շրջափակումների վերացման համար: Ներկաները յոտնկայս, բուռն ծափահարութիւններով պատասխանեցին այդ կոչին:
ԹԵՀՐԱՆԻ ԱԼԻՔ ԹԵՐԹԻ լրատվություն