Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին, Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայի գեղատեսիլ ափամերձ այգում` տարիներ առաջ տեղադրված Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը մարմնավորող Խաչքարի մոտ, 98-ամյա տարելիցի առիթով տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, որին ներկա էին բարձրաստիճան պետական-քաղաքական գործիչներ, Հոգևոր Հայրեր, դիվանագիտական կորպուսի, Միջազգային կազմակերպությունների, Սլովակիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառումը բացեց ԵՀՄՖ-ի և Սլովակիայի հայկական համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը: Ելույթներով հանդես եկան հայտնի քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Յան Չառնոգուրսկին, Գերագույն դատարանի նախագահ, ցեղասպանության մերժումը քրեականացնող օրենքի հիմնադիր Շտեֆան Հարաբինը, Ազգային Խորհրդի առաջին Նախագահ Ֆրանտիշեկ Միկլոշկոն և այլոք:
Վիենայից և Պրագայից ժամանած հայ եկեղեցու առաջնորդների և ներկաների էկումենիկ աղոթքից հետո արարողության մասնակիցները տեղափոխվեցին Բրատիսլավայի կենտրոնում գտնվող Հայկական եկեղեցի, որը ամիսներ առաջ ձեռք բերվեց դոկ. Աշոտ Գրիգորյանի անմիջական ջանքերի շնորհիվ և արդեն առաջին անգամ Հայկական եկեղեցում հոգևոր հայրերի`Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի թեմերի Առաջնորդ Հայր Աբեղա Տիրանի, Սլովակիայի, Հունգարիայի և Չեխիայի հոգևոր հովիվ, Հայր Վարդապետ Բարսեղի և հայ առաքելական եկեղեցու մյուս սպասավորների կողմից մատուցվեց ճոխ ժամերգություն՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին:
Այնուհետև արարողության մասնակիցները տեղափոխվեցին հայկական եկեղեցու հարևանությամբ գտնվող սրճարան, որտեղ կազմակերպված էր հյուրերի դիվանագիտական արարողակարգով նախատեսված ընդունելություն:
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահ,
դոկ. Աշոտ Գրիգորյանի խոսքը Հայոց Ցեղասպանության
98-ամյա տարելիցի առիթով
Սլովակիայի Գերագույն Դատարանի մեծարգո նախագահ
Սլովակիայի դիվանագիտական կորպուսի և Միջազգային կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ
Հոգևոր հայրեր
Տիկնայք և պարոնայք
Այսօր որպես ավանդույթ, Բրատիսլավայի այս գեղատեսիլ վայրում հերթական անգամ հավաքվել ենք Հայոց Ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակը մարմնավորող Խաչքարի մոտ 98-ամյա տարելիցի առիթով:
1915-1923 թթ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ճանաչումը տարբեր պետությունների կողմից բերեց նրան, որ Սլովակիան էլ անմաս չմնաց այդ գործընթացից` 2004 թվականին Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի, համայնքի և Սլովակիայի իշխանությունների բարի կամքի, հետևողականության և արդարության հաստատման ձգտման շնորհիվ Սլովակիայի Ազգային Խորհրդի կողմից ընդունվեց Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրենք` թիվ 1341 բանաձևի տեսքով և ըստ Սլովակիայի Քրեական Օրենսգրքի թիվ 424ա հոդվածի դրույթի Հայոց Ցեղասպանության մերժումը նախատեսում է մինչև 5 տարվա ազատազրկում:
Հարգելի հյուրեր և համայնքի ներկայացուցիչներ
Մեծ սիրով և հպարտությամբ ուզում եմ նշել, որ նման օրենքի ընդունման համար մեծաթիվ ազնիվ մարդկանց կողմից կատարվել է ահռելի աշխատանք և նրանց մեջ իր գլխավոր դերակատարությունը ունի Սլովակիայի ներկայիս Գերագույն Դատարանի նախագահ, իսկ այն ժամանակ Փոխվարչապետ-Արդարադատության նախարար Շտեֆան Հարաբինը, որն արդարության գործին ի նպաստ դնելով իր իրավագիտական փայլուն կարողությունները, հասավ նրան, որ 1915-1923 թթ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման օրենքը հաստատվեց Սլովակիայի նախագահի, Ազգային Խորհրդի և կառավարության կողմից: Հետևաբար աշխարհասփյուռ հայության համար այս ոգեկոչման օրը ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորից, ովքեր իրենց նպաստը բերեցին թուրքական կառավարությունների կողմից մարդկության հանդեպ իրականացրած հանցագործության դատապարտման` արդարության հաստատման գործին:
Մեծ սիրով և հպարտությամբ ուզում եմ նշել, որ Սլովակիայի կողմից ընդունված նախադեպը չունեցող այս օրենսդրական քայլը պետք է օրինակ ծառայի երկու տասնյակից ավել այն պետությունների համար, որոնք ճանաչել և դատապարտել են Հայ Ժողովրդի հանդեպ թուրքական կառավարության կողմից իրականացրած հանցագործությունը:
2015 թվականի Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, այսօր հաստատակամորեն ուզում եմ նշել, որ հասունացել է այն պահը, որպեսզի հիմք ընդունվի ազգերին և մարդու իրավունքներին ուղղված ՄԱԿ-ի կողմից ընդունված բազմաթիվ կոնվենցիաներ, ինչպես նաև անհերքելի դիվանագիտական-իրավական գործողությունների փաստեր, որոնցից են.
-1915 թ.-ի մայիսի 24-ին Թուրքիային ուղղված Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունների Համատեղ Նոտան, որտեղ թուրքական իշխանությունների գործողություններն իր քաղաքացիներ հանդիսացող հայերի հանդեպ արդեն իսկ որակվել են որպես մարդկության դեմ հանցագործություն.
-1919 թ.-ի մարտի 8-ին թուրքական ժամանակավոր կառավարությունը երիտթուրքերի կուսակցության եւ նրանց կառավարության նախարարների գործերն ուղարկեց Ստամբուլի Արտակարգ Ռազմական Տրիբունալ եւ դատավարության արդյունքում, բազմաթիվ փաստաթղթերի ուսումնասիրությունից ու վկաների հարցաքննությունից հետո Հայոց Ցեղասպանության կազմակերպիչները դատապարտվեցին մահապատժի,
Հայ Դատի գործընթացը տեղափոխել ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Հաագայի Միջազգային Դատարան, ավելին` գտնում եմ, որ հարկավոր է Հայոց Ցեղսպանության հանցագործության համար ՄԱԿ-ի հովանու ներքո ստեղծել առաձին դատարան: Հայկական հարցի առնչությամբ Միջազգային Դատարանին ուղղված Հայցի ձևակերպան գործընթացի արդյունավետութունից ելնելով ԵՀՄՖ-ն նախաձեռնել է ճանապարհային քարտեզի մշակում` մասնակցությամբ մեծ ճանաչում ունեցող հայազգի պետաիրավագետների, միջազգային իրավունքի մասնագետների, ցեղասպանագետների:
Արարողության հարգելի մասնակիցներ
Ցավը խորն է նստած ամենքիս մեջ, հետևաբար ամփոփելով ասելիքս և գալով զգացմունքային հարթություն` ուզում եմ խոսքս ավարտել՝ մեջբերելով Նյուրնբերգում ԱՄՆ-ի կողմից որպես մեղադրող հանդես եկող Ռոբերտ Ջեքսոնին, որն այն ժամանակ հայտարարեց.
«Հիտլերն իր հետ գերեզման չտարավ նացիզմի գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը։ Մեղքն ամբողջությամբ գերեզման չիջավ Հիտլերի հետ։ Ովքեր ողջ են` մեռածների հանցակիցներն են, եւ կատարված հանցագործության համար պետք է վճարի նրանցից յուրաքանչյուրը։ Եթե որեւէ մեկն ասի, թե նրանք մեղավոր չեն, նույնն է, թե հայտարարի, որ չեն եղել պատերազմ, հանցագործություններ, չեն եղել սպանվածներ»։
Այո, մի քիչ դաժան է ասված, բայց միջազգային իրավունքի տեսանկյունից` հիմնավորված ու խիստ տեղին…
Այս մեջբերումը նրա համար նշեցի, որպեսզի փաստեմ, որ վաղուց հասունացել են մինչ օրս շարունակվող մարդկության դեմ թուրքական կառավարությունների կողմից իրականացրած ցեղասպանությունները, որոնք ուղղված են հայկական, հունական, քրդական և այլ ազգությունների ներկայացուցիչների հանդեպ , խիստ անհրաժեշտություն է առաջացել ևս մեկ Նյուրնբերգ կազմակերպել, որպեսզի մարդկութունը 21-րդ դարում այլևս չտեսնի թե մարդկային, և թե մշակութային ցեղասպանություն:
Նշեմ նաև, որ ժամանակակից Թուրքիան և նրա իշխանությունները կրում են պատասխանատվություն կատարվածի համար, և պարտավոր են ոչ միայն ընդունել ողջ մեղքը և ներողություն խնդրել զոհված միլիոնավոր անմեղ հայերի համար, այլ մտածեն փոխհատուցման մասին: Միայն այս ուղով նրանք կարող են կառուցել իրենց ապագան առանց օսմանական, նեոօսմանական, պանթուրքական, ազգայնամոլական ամբիցիաների, որոնք քաղցկեղի մետաստազների նման տարածվում են ժամանակակից թուրքական իդեալոգիայի ու քաղաքականության մեջ, որի հետևանքով այս երկիրը դառնում է խիստ վտանգավոր ոչ միայն իրենց քրիստոնեա հարևանների` Հունաստանի, Կիպրոսի, Բուլղարիայի, Հայաստանի, ալև ողջ Եվրոպայի ու ողջ աշխարհի համար:
Շնորհակալություն Ձեր ներկայության և ցույց տրված ուշադրության համար:
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
22.04.2013թ.