Օգոստոսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ հավաք-խորհրդակցություն, որին մասնակցում էին Հայաստանում գտնվող 100-ից ավելի սիրիահայեր և սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող ՀՀ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց կատարված աշխատանքների մասին, նշեց օրախնդիր հարցերը: Նախարարն ընդգծեց, որ սիրիահայերի հարցերով նախորդ օրը կայացած խորհրդակցության ընթացքում արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ, նշվել առանձին խնդիրների լուծման ուղիներ:
ՀՀ սփյուռքի նախարարը նշեց, որ սիրիահայերն իրենց ակտիվ մասնակցությամբ մեծապես օգնում են հասունացած խնդիիրների վերհանմանը, դրանց լուծումների համար ճանապարհներ գտնելուն եւ աշխատանքները հնարավորինս արդյունավետ կազմակերպելուն:
Նախորդ ամիսների ընթացքում իրականացրած աշխատանքների մասին սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող աշխատանքային խմբի անունից զեկույցով հանդես եկավ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ. Զաքարյանը: Նա նշեց, որ նախորդ ամիսներին լուծում են ստացել այնպիսի ընդհանրական խնդիրներ, ինչպիսիք են սիրիահայերին ՀՀ քաղաքացու անձնագրեր Սիրիայում և մուտքի արտոնագրեր Հայաստանի սահմանի մոտ տրամադրելու հարցերը: Առաջիկայում լուծում կստանա նաև սիրիական վարորդական իրավունքի վկայականի հիման վրա հայաստանյան վարորդական իրավունք տրամադրելու հարցը:
Այնուհետև, տեղի ունեցած հարցուպատասխանի ընթացքում սիրիահայեր Հրաչ Տիրանյանի, Հակոբ Միքայելյանի, Վազգեն Մեսրոպյանի, Հակոբ Մունջյանի, Վահե Սամուելյանի և Մինաս Այվազյանի հարցերին պատասխանեցին համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները:
ՀՀ առողջապահության փոխնախարար Հայկ Դարբինյանը նշեց, որ սիրիահայերի հրատապ լուծում պահանջող բոլոր դիմուները կբավարարվեն, իսկ մասնագիտությամբ բժիշկներին կառաջարկվեն համապատասխան աշխատանքներ:
Անձնագրերի և վիզաների վարչության պետի տեղակալ Արմեն Հակոբյանը նշեց, որ սիրիահայերին սպասարկում են առաջնահերթության կարգով և փորձում են հնարավորինս ընդառաջել բոլոր հարցերում, այդ թվում խուսափելով ժամկետանց վիզաների պարագայում տույժերի նշանակումից:
Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչ Կարեն Բեգլարյանը հավաստիացրեց, որ իրենց գործողությունները իրականացվում են բացառապես օրենքների շրջանակներում և սփյուռքահայերի կողմից երբեմն-երբեմն արտահայտած դժգոհություններն արդյունք են օրենքի չիմացության: Որոշվեց կազմել թերթոն առաջնահերթ խնդիրների իրավական լուծումների վերաբերյալ:
Հարցերի մեջ, ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ, առավել մեծ տեղ էին զբաղեցնում երեխաներին դպրոցներ տեղավորելու եւ կրթական բնույթի հարցերը, որոնց պատասխանեցին Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և ԿԳՆ ներկայացուցիչը: Սիրիրահայերը մտահոգ էին մասնավորապես դասավանդման լեզվի` արեւելահայերենի հնարավոր դժվարություններ հարուցելու հարցով:
Կանխելով մտահոգությունը` նախարար Հակոբյանը նշեց, որ Շահումյանի անվան դպրոցում սիրիահայ երեխաների համար անցկացվում են արեւելահայերենի ուսուցման արագացված դասընթացներ, որին արդեն իսկ մասնակցել է շուրջ 50 երեխա:
Հ.Հակոբյանը մանրամասն ներկայացրեց նաև սիրիահայ դիմորդների` ատեստատների բացակայության դեպքում պաշտոնական փաստաթղթով անձնական գործերի ընդունման հարցը, դիպլոմների նույնականացման, բուհերի վարձավճարների զեղչման և զիջման տարբերակները, մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների ընդունելության, սիրիական ծրագրով դասարանների բացմանն ու ուսուցմանն առնչվող հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը շնորհակալություն հայտնելով սիրիահայերին եւ գերատեսչությունների ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցության համար` ընդգծեց, որ բոլոր հարցերը ժամանակի ընթացքում կստանան իրենց լուծումները:
Հանդիպման արդյունքում ստեղծվեց սիրիահայերից բաղկացած աշխատանքային խումբ, որը սփյուռքի նախարարությանը կօգնի սիրիահայերի հետ տարվող աշխատանքներում: