Փետրվարի 22-ին Կահիրեի Համալսարանում տեղի է ունեցել Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանի դասախոսությունը՝ նվիրված Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:
Դասախոսությունը, որին ներկա էին համալսարանի տարբեր ֆակուլտետների բազմաթիվ ուսանողներ և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի անդամներ, կազմակերպել էր Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը:
Միջոցառման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան Բանասիրության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Մոթազ Սայիդ Աբդալլահը և Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մահմուդ Ալավին:
Իր ելույթում դեսպան Մելքոնյանը հանգամանալից ներկայացրեց հայ-եգիպտական հարաբերությունների անցած ուղին ու զարգացման հեռանկարները: Նա նշեց, որ 1992թ. երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և միմյանց մայրաքաղաքներում դեսպանությունների հիմնադրումից հետո հայ-եգիպտական համագործակցությունը ձեռք է բերել նոր որակ` ընդգրկելով տարատեսակ ոլորտներ:
Խոսելով երկու բարեկամ ժողովուրդներին մերձեցնող պատմա-մշակութային հենքի մասին` դեսպան Մելքոնյանն ընդգծեց, որ «հայ ժողովուրդն երբեք չի մոռանա, որ Ցեղասպանությունից մազապուրծ եղած նրա հազարավոր զավակներն ապաստան գտան արաբական երկրներում, այդ թվում` Եգիպտոսում: Եգիպտացի եղբայրների և քույրերի հոգատար և սրտացավ վերաբերմունքի շնորհիվ նրանք կարողացան ապաքինել իրենց վերքերը, ինտեգրվել նոր միջավայրում և իրենց ավանդը բերել այդ հյուրընկալ երկրի հասարակական կյանքին` միաժամանակ պահպանելով հայկական ուրույն ազգային դիմագիծը»:
Արմեն Մելքոնյանն անդրադարձավ նաև Խորհրդային Միության փլուզման շրջանում Հայաստանի ունեցած մարտահրավերներին` Լեռնային Ղարաբաղի շուրջ պարտադրված պատերազմին, շրջափակմանը, տնտեսական ճգնաժամին, և դրանց հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերին, խոսեց անկախության տարիներին ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների և այլ ձեռքբերումների մասին: Ինչ վերաբերում է Եգիպտոսում տիրող իրավիճակին, ապա դեսպանը համոզմունք հայտնեց, որ հսկայական ներուժ ունեցող այդ երկիրը կկարողանա կարճ ժամանակահատվածում հաղթահարել անցումային շրջանի բոլոր դժվարությունները և ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհով հասնել իր ժողովրդի իղձերի իրականացմանը:
Դեսպան Մելքոնյանը պատասխանեց ներկաների հարցերին, իսկ վերջում, որպես գնահատանք Կահիրեի Համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեության` նրա տնօրենին նվիրեց հայ-եգիպտական դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը խորհրդանշող հուշապնակ:
Տեղեկանք: Կահիրեի Համալսարանը հիմնադրվել է 1908թ. և հանդիսանում է Մերձավոր Արևելքի խոշորագույն բարձրագույն կրթական հաստատությունը: Այն ունի ավելի քան 250000 ուսանող և 13000 դասախոս: Միայն Բանասիրական ֆակուլտետում, որի կազմում 2007թ. ի վեր գործում է Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնը, սովորում է մոտ 20000 ուսանող: