Հայաստանի հանրապետության 20-ամյակի տոնակատարություններից շքեղագույնը հայոց բանակի շքերթն էր, որն ստեղծած զգացականության անմիջական ալիքից բացի, հստակ պատգամներ ուներ՝ ուղղված մեր երկիրը շրջապատած ու շրջափակած թե՛ Թուրքիային եւ թե՛ Ադրբեջանին: Մեր հանրապետությունը շրջափակած տարածաշրջանային ուժ Թուրքիան եւ իր ռազմական բյուջեն անընդհատ մեծացնող Ադրբեջանը ստացան անհրաժեշտ պատգամները, երբ Երեւանի հրապարակում ցուցադրվեց հայկական զինուժը, ռազմարդյունաբերության նորագույն արտադրությունները, ընդհուպ մինչեւ անօդաչու սարքերի հայկական արտադրության տարբերակները:
Թշնամական վերաբերումներով շրջափակված, դիվանագիտական խզումներով հատկանշված, հարեւան պետությունների անմիջական սպառնալիքների տակ, անդադար խախտվող զինադադարի դեպքերի դիմաց եւ անավարտ պատերազմի կարգավիճակում գտնվող մեր երկրի բանակի դերն ու նշանակությունը բազմակի իմաստ ունեն: Ֆիզիկական առումով գոյության պահպանման խնդիրը մնայուն սթ ափ ու ահազանգային վիճակում գտնվելու շեշտակի մարտահրավեր է պարտադրում հայոց բանակին. ընդմիշտ:
Հայրենիքի պաշտպանության առաջադրանքը համայն հայության առաջնային օրակարգն է: Հայրենական խնդիրներին իրազեկ դառնալը, հայրենիքին վերաբերող տարբեր ոլորտի աշխատանքներին մասնակից դառնալը, որոշումների կայացման գործընթացներին բոլոր հայերի ներգրավվածությունը ապահովելը եթե իրավունքներ են, ապա նաեւ հայրենիքի պաշտպանության գործի մասնակցությունը եւս իրավունք է ու պարտականություն միաժամանակ: Հարցը պետք չէ կապել անշուշտ քաղաքացիության ձեռք բերման հետ: Ազգային պատկանելիությունը հիմնական շարժառիթն է նման կարեւոր եւ այս պայմաններոմ օրհասական նկատվող, նույնիսկ՝ աշխատանքի մասնակցության:
Գիտակցական բաժինն ու արյան կանչի իրականությունը իրենց հերթին,
այսուհանդերձ ժամանակակից դրությամբ հաստատությունները գրավիչ դարձնելու խնդիր գոյություն ունի, որը առնչվում է տվյալ հաստատության, այս դեպքում՝ բանակի հեղինակության, վարկի, մարտունակության եւ կազմակերպվածության հետ: Ահա թե ինչու առաջնակարգ կարեւորություն է ստանում հայ զինվորի բարոյահոգեբանական վիճակի նկատմամբ բանակի պատասխանատուների կողմից ցուցաբերվելիք նախանձախնդրությունը, մարտունակ ոգու պահպանման համար համապատասխան մասնագիտական միջոցների կիրարկումը, հայ զինվորի արժանապատվությունը բարձր պահելու սկզբունքային մոտեցման ցուցական դրսեւորումները ու տակավին բանակի
տարբեր բաժանմունքներում արձանագրվող միջադեպերի բացահայտումը, նման արարքների պատասխանատուներին պատժելիության ապահովումը, օրենքի գերակայությամբ անաչառության եւ արդարության մթնոլորտի տարածումը:
Այս առաջադրանքների իրականացման ուղղությամբ շարժվելը, հավաստիություն, վստահելիություն եւարդարություն ցուցաբերելը, զինուժի կատարելագործման առընթեր կհաջողեն հայոց բանակը պահել տարածաշրջանում ամենամարտունակը եւ անգերազանցելին, ինչպես վկայում են օտար ռազմագետները:
Հայոց բանակը մեկ կարեւոր փորձաքարի առջեւ է նաեւ այս օրերին. մեր երկրի ընտրակարգի խոցելի կետերից մեկը եւս բանակայինների համախումբ, միանշանակ եւ զանգվածային քվեարկելու եղանակն է:
Թվում է, որ բոլոր կողմերը համոզվել են, որ համապետական շահերից են բխում արդար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպելը մեր երկրում. Հայաստանի ընտրակարգի տակավին կատարելագործման առաջադրանքներ ու իրականացման աշխատանքներում կարեւոր է այս երեւույթի բարեփոխումը: Բանակայիններն ու իրենց ընտանիքները պիտի զգան անպայման, որ ընտրությունների ընթացքում ազատ են իրենց դիրքորոշումներում եւ որեւէ ձեւով զինվորական կարգապահության ուղղահայաց դրվածքով պատվեր կատարելու կարգավիճակի մեջ չեն գտնվում այս դեպքում:
Եթե իրոք ուզում ենք որակական հեղափոխություն ապահովել մեր ընտրակարգում, այս երեւույթը բարեփոխելու ուղղությամբ աշխատանքը անհետաձգելի է: Հայոց բանակը համահայկական ուշադրության արժանի հաստատություն է: Մեր լինելությունը պահպանող հիմնական ու անփոխարինելի կռվանն է: Մեր գոյությունն է, մեր անունն է: Ընտրությունների ընթացքում իր պահվածքով, հայոց բանակը իր մասնակցության եղանակով կարող է մեծ առիթն օգտագործել՝ ծառայելու համար Հայաստանի Հանրապետության համապետական շահերին։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ, "Ազդակ"-ի գլխաւոր խմբագիր