«Լինսի» հիմնադրամը, Քըրք Քըրքորյանը և Հարութ Սասունյանը երկար տարիների ընթացքում կարելի է ասել, որ անբաժան են եղել միմյանցից և բազմաթիվ հայերի համար Հայաստանի տարածքում բարեգործական գործունեություն են իրականացրել:
Քըրք Քըրքորյանը ամերիկահայ միլիարդատեր է, ով հիմնադրեց «Լինսի» հիմնադրամը: ՀՀ կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև առաջին փոխըմբռնման հուշագիրը ստորագրվեց 2000 թվականի նոյեմբերի 20-ին: Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի ամբողջ արժեքը կազմում էր մոտ 1 միլիարդ դոլար: «Լինսի» հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանը, ով նաև «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիրն է, ղեկավարում էր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը Հայաստանում:
Հարութ Սասունյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում: Տաս տարի շարունակ աշխատել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության հարցերով ոչ պետական պատգամավոր և մեծ դերակատարում ունեցել 1915 թվականին իրագործված հայոց ցեղասպանությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչելու հարցում: Հարութ Սասունյանը Միացյալ հայկական հիմնադրամի, հայ-ամերիկյան բարեգործական և կրոնական կազմակերպությունների, հեղինակավոր ընտանիքների խմբավորումների հիմնադիրն ու նախագահն է: Լինելով Արևմտյան Հայաստանի հարցերով վերլուծաբան, Կոլումբիայի համալսարանի միջազգային հարաբերությունների բնագավառի մագիստրոս, Պեպերդինի համալսարանի գործարարության կառավարման մագիստրոս՝ այսօր Հարութ Սասունյանը մեծ ճանաչում ունեցող ազգային, հասարակական և քաղաքական գործիչ է և մի շարք աշխատանքների հեղինակ: «Կալիֆորնիա Կուրիեր» թերթում հրատարակվող նրա մշտական հոդվածները մատչելի են ընթերցողների մեծ լսարանի համար:
2005 թվականին ԱՄՆ-ում լույս տեսավ նրա «Հայերի ցեղասպանությունը, Աշխարհը ձայն է բարձրացնում, 1915-2005. փաստատթղթեր և հռչակագրեր» խորագրով գիրքը, որը հենց նույն տարում տպագրվեց նաև արաբերեն լեզվով Բեյրութում: Հարութ Սասունյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Անանիա Շիրակացու անվան շքանշանով, Ս. Սահակի-Ս. Մեսրոպի, Հայկական Առաքելական Եկեղեցու, Ս. Մեսրոպ Մաշտոցի, Կիլիկիո Մեծի Տանն շքանշաններով: Նա առաջինն էր, ում շնորհվեց Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիության անձնագիրը, իսկ ԱՄՆ-ում Էլիս Այլանդի պատվո շքանշանը, որը տրվում է Ամերիկայի այն քաղաքացիներին, ովքեր նպաստում են էթնիկական խմբերի ինտեգրմանը ամերիկյան կյանքին՝ միաժամանակ պահպանելով նրանց ազգային ինքնությունը: Ազգանվեր, հայրենասեր Հարութ Սասունյանը համաձայնեց պատասխանել «Կամուրջ» ամսագրի հարցերին:
- Պրն. Սասունյան, վերջերս Ադրբեջանն ընտրվել է ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի անդամ երկու տարի ժամկետով: Ձեր կարծիքով ի՞նչ ազդեցություն կունենա դա Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների գործրնթացի վրա: Ըստ Ձեզ արդյո՞ք Ադրբեջանը Անվտանգության Խորհրդի օրակարգում կընդգրկի՞ Ղարաբաղյան հարցը:
- Ինչպես ներկայացրել էի իմ հոդվածում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ադրբեջանի անդամակցությունը կբարձրացնի այդ երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում: Այն նաև հնարավորություն կտա Ադրբեջանին բարձրացնել Ղարաբաղյան հարցը այստեղ, սակայն դժվար թե հաջողվի նրան այդ հարցը օրակարգի մեջ մտցնել, քանի որ Մինսկի խմբի երեք երկրներն էլ ՄԱԿ-ի այդ խորհրդի անդամ են և թույլ չեն տա այդ հարցի արծարծումը Մինսկի շրջանակներից դուրս:
- Պրն. Սասունյան, ըստ Ձեզ ինչպե՞ս է պետք ճիշտ կառուցել Հայաստան և Սփյուռք համագործակցությունը:
- Պետք է մի կողմ դնել անձնական շահերը և պաշտպանել մեր համընդհանուր ազգային շահերը: Դժբախտաբար շատ քչերն են դա անում: Հայաստանի և սփյուռքի ընտրովի և ոչ թե նշանակովի ղեկավարները պետք է խորհրդակցեն միմյանց հետ և համադրեն իրենց աշխատանքները հանուն մեր ժողովրդի գերագույն շահերի:
- Պրն. Սասունյան, Ձեր հոդվածներից մեկում Դուք մեջբերում եք կատարել իրանացի դիվանագետի խոսքերը. «Հայոց ցեղասպանությունը Դամոկլյան սուր է՝ կախված Թուրքիայի գլխին»: Геноцид армян – дамоклов меч, который занесен над головой Турции: Վաղ թե ուշ, Թուրքիայի մի իմաստուն ղեկավար վերջապես կհասկանա, որ Հայոց ցեղասպանության ընդունումն ավելի շահավետ է Թուրքիայի համար, քան դրա շարունակական մերժումը»:
Ըստ Ձեզ իրադարձությունների ինչպիսի՞ շրջադարձ է հնարավոր: Եվ եթե այն տեղի ունենա, ապա ե՞րբ:
- Որպեսզի թուրքերը վերջապես հասկանան, որ ցեղասպանության ժխտումն ավելի թանկ կնստի իրենց վրա, քան դրա ճանաչումը, ապա անհրաժեշտ է ձեռնարկել հետևյալ քայլերը. ա) ազատամիտ և ժողովրդավար թուրք ժողովուրդ, բ) ազատամիտ և ժողովրդավար թուրք ղեկավար, գ) հայկական և միջազգային այնքան ուժեղ ճնշում, որ ամենատգետ թուրք ղեկավարն էլ հասկանա, որ ցեղասպանությունը ճանաչելով կփրկվեն մի շարք բացասական հետևանքներից: Իսկ ո՞րն է Թուրքիայի շահը: Միջազգային հանրությունը և մամուլը մեծ գնահատանքով կընդունեն Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը, ինչը կհեշտացնի Թուրքիայի մուտքը Եվրոպական Միություն: Այդ թուրք ղեկավարը կստանա Նոբելյան խաղաղության մրցանակ, և հայերի իրական պահանջները (հողային, կալվածքային և նյութական) կանտեսվեն:
- Պրն. Սասունյան, ինչու՞մ պետք է արտահայտվի Ֆրանսիայի և Ամերիկայի հայերի գործունեության նոր ռազմավարությունը այս կամ այն նախագահի թեկնածուի ընտրության հարցում: Վերջերս Դուք հայտարարեցիք, որ այդ երկրներում բնակվող հայերը պետք է փոխեն իրենց ավանդական, սակայն անհաջող մոտեցումը, այն է՝ աջակցել թեկնածուներին` հավատալով նրանց խոստումներին՝ հուսալով, որ դրանք կարդարացվեն ընտրություններից հետո:
- Նախագահի կամ այլ պաշտոնի թեկնածուն պետք է նախ և առաջ փաստի իր պաշտպանությունը հայկական հարցի նկատմամբ, և հետո հայերը նրան թիկունք կանգնեն և ոչ թե խաբվեն նրանց նախընտրական սին խոստումներից: Թող թեկնածուն ընտրվի առանց մեր քվեների և եթե ուզում է, որ մենք թիկունք կանգնեն իրեն վերընտրության ժամանակ, ապա պետք է իր առաջին պաշտոնավարման շրջանի ընթացքում հստակեցնի իր դիրքորոշումներն ի նպաստ մեզ և միայն դրանից հետո մենք կպաշտպանենք նրա վերընտրությունը: Եթե ոչ, ապա պետք է անընդհատ խաբվենք այս խորամանկ և ստախոս քաղաքական գործիչների կողմից:
- Պրն. Սասունյան, ինչպե՞ս կմեկնաբանեիք Նիկոլա Սարկոզիի այցը Հայաստան և այն որ ժամանելով Հայաստան՝ Սարկոզին իր գլխավոր օգնականներին հայտարարել էր. «Ես պատրաստվում եմ ռումբ պայթեցնել»: Ի՞նչ եք կարծում այդ կապակցությամբ:
- Ինչպես գրել էի Սարկոզիի Հայաստան այցի մասին իմ հոդվածում, Սարկոզին խոստացել էր իր նախկին ընտրապայքարի ժամանակ սատարել ցեղասպանության ժխտման պատժելիության օրինագծին, սակայն իր խոստումը չէր կատարել: Հիմա խոստանում է անել այն, ինչ ինքը խոստացել էր՝ տեսնելով, որ իր վերընտրվելու հնարավորությունները շատ քիչ են: Ես ասում եմ, որ ֆրանսիայի հայերը չպետք է երկրորդ անգամ խաբվեն Սարկոզիի խոստումներով: Սարկոզին դեռ նախագահելու է վեց ամիս: Ինքը թող այս վեց ամիսների ընթացքում այդ օրինագիծը քվեարկության դնի և անցկացնի Սենատում, և Ֆրանսիայի հայերն այնժամ կորոշեն իրեն թիկունք կանգնել, թե ոչ: Սարկոզին ունի շատ ուժեղ հակառակորդ (Ֆրանսուա Հոլլանդ) հաջորդ տարվա նախագահական ընտրություններին: Սարկոզին հիմա դարձել է հայասեր, որովհետև վախենում է, որ Ֆրանսիայի հայերը իրենց ձայնը կտան Հոլլանդին: Սակայան Ֆրանսիայի հայերը պետք է զգուշանան նաև Հոլլանդից: Թող Հոլլանդը նախ և առաջ հայկական օրինագիծր քվեարկության դնի Սենատում, որտեղ իր ղեկավարած սոցիալիստական կուսակցությունը մեծամասնություն է կազմում, հետո Ֆրանսիայի հայերը կկողմնորոշվեն իրենց ձայնը տան Սարկոզիին, թե Հոլլանդին:
- Պրն. Սասունյան, Դուք Ձեր ելույթում առաջարկել եք ստեղծել Սփյուռքի յուրօրինակ պառլամենտ, որը կպարտավորվի հանդես գալ համայն սփյուռքի անունից: Որքանով որ հայտնի է, նմանօրինակ պառլամենտը պետք է ունենա խոսնակ, հանձնաժողովներ, ենթահանձնաժողովներ, որոնք կզբաղվեն ամենատարբեր հարցերով՝ քաղաքական, մշակութային, ինչպես նաև Հայաստանի և Ղարաբաղի հարաբերությունների հետ կապված հարցերով: Այս ոչ պետական մարմինը պետք է ունենա կարևոր առավելություն, այն ամենայն հավանականությամբ պետք է ճանաչվի ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից: Խնդրում եմ, պատմեք ավելի մանրամասն այդ ծրագրի մասին: Եվ թե ո՞ր փուլում է այն հիմա գտնվում:
- Ես իմ հոդվածում նշել էի սփյուռքի ընտրովի կառույցի մասին մանրամասները: Դժբախտաբար, ո ՛չ Հայաստանի և ո ՛չ էլ սփյուռքի ղեկավարները չեն ուզում նման ընտրովի կառույց ունենալ՝ վախենալով իրենց զբաղեցրած աթոռներից: Եթե հայ ժողովուրդը հավատում է, որ նման կառույց անհրաժեշտ է մեր ազգի շահերը պաշտպանելու համար, այդժամ թող մեր մամուլը, մեր մտավորականները թիկունք կանգնեն այս կառույցի ստեղծման գաղափարին և պնդեն դրա անհրաժեշտությունը՝ սպիպելով, որ մեր ղեկավարներն ընդառաջեն, այլ ոչ թե խոչընդոտեն: Այդպիսի մեծ կառույց մեկ հոգով չի կարելի կազմակերպել: ժողովուրդը պետք է տեր կանգնի իր շահերին և իր արդար դատին:
- Պրն. Սասունյան, Ձեր՝ «Հայ-թուրքական արձանագրություններ. Ճշմարտությու՞ն, թե խաբեությու՞ն» խորագրով գիրքը թարգմանվել է արաբերեն լեզվով: Այն Ձեր 43 խմբագրականների ժողովածուն է, որոնք վերջին երեք տարիների ընթացքում գրել էիք վիճահարույց արձանագրությունների մասին:
- Արձանագրությունների դեմ իմ հոդվածների՝ որպես առանձին հատորի արաբերենի թարգմանությունը միտված է ցույց տալու արաբական աշխարհին, որ չի կարելի վստահել թուրք ղեկավարների կեղծ խոստումներին, թե իրենք արաբ ժողովրդի և նամանավանդ պաղեստինցիների շահերն են պաշտպանում: Թուրքերի խոսքերը կեղծիքներ են, ինչպես ցույց է տալիս հայ–թուրքական արձանագրույթունների մասին իրենց խոստումները և նույնիսկ իրենց արտաքին գործերի նախարարի ստորագրությունը:
- Պրն. Սասունյան, ինչպե՞ս է ներկայումս իրականացվում առաջին համաշխարհային պատերազմի սկզբին և ավարտին Թուրքիայի իշխանությունների կողմից հարյուր հազարարավոր սեփական կալվածքների կամ հայերից առգրավված այլ ունեցվածքի փոխհատուցման գործը: Ի՞նչ չի բավականացնում հայերին այդ ուղղությամբ աշխատանքներին ընթացք տալու համար:
- Ներկայումս բազմաթիվ դատավարություններ են իրականացվում ամերիկյան դատարաններում Թուրքիայից հայկական կալվածքները հետ ստանալու համար: Սակայն ես բավարարված չեմ, որովհետև այս դատերը բացվել են անհատ պաշտպանների միջոցով և չեն համադրվել ո՛չ սփյուքի մի օրինական կառույցի կողմից և ո՛չ էլ Հայաստանի կառավարության կողմից: Առանց համադրելու մեր ջանքերը, մենք կարող են կորցնել այս դատերը և ավելի ամոթալի վիճակի մեջ կհայտնվենք՝ թուրքերին տալով մի նոր հաղթանակ և մեծ հարված մեր դատին:
- Պրն. Սասունյան, շատ կցանկայի Ձեզ հետ խոսել «Լինսի» բարեգործական հիմնադրամի գործունեության մասին: Մեր ընթերցողներին ծանոթացնելու համար նշենք, որ «Լինսի» հիմնադրամի օգնությամբ ամբողջությամբ վերանորոգվել է Երևան-Իջևան-Նոյեմբերյան-Այրում ավտոճանապարհը: Արմատապես վերականգնվել են ավտոճանապարհները 189 կմ երկարությամբ. Երևանից Սևան (63 կմ.), Սևանից Դիլիջան (21 կմ), Դիլիջանից Իջևան (47 կմ.), Իջևանից Այրում (58 կմ): Ամբողջությամբ վերանորոգված է Երևան Վանաձոր մայրուղին: Լինսի հիմնադրամի «Մշակույթ» ծրագիրը թույլ տվեց վերականգնել հանրապետության բոլոր կարևորագույն մշակութային կենտրոնները. տասներեք թատրոն և համերգային սրահներ, յոթ թանգարաններ և ցուցասրահ, ինը տուն-թանգարան, չորս պատմամշակութային համալիր, այդ թվում՝ Համահայկական մանկապատանեկան սպորտային ճամբարը Ծաղկաձորում: Խնդրում եմ, պատմեք, ինչ այլ աշխատանքներ են իրականացվել «Լինսի» հիմնադրամի միջոցներով:
- «Լինսի» հիմնադրամը Հայաստանում իրականացրել է 240 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բարեգործական աշխատանքներ, որոնք դուք նշեցիք: Սակայն մոռացաք նշել 16 դպրոցները, որոնք Լինսը կառուցել կամ վերակառուցել է Հայաստանի տարբեր մարզերում: Վերջերս ավարտվել է աղետի գոտում 6 դպրոցների կառուցումը: Ինչպես նաև Արցախում կառուցվել են 2 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ մի դպրոց:
- Պրն. Սասունյան, այս տարվա փետրվարին Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) ռեկտոր Ջեն Բլոկը և «Լինսի» հիմնադրամի հիմնադիր Քըրք Քըրքորյանը հայտարարեցին «Լինսի» գործունեության դադարեցման և Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) «Երազանք» հիմնադրամի ստեղծման մասին: Ինչպես հայտարարվել է ԶԼՄ-ով այդ համայնքային հիմնադրամը պետք է օգնություն ցուցաբերի բժշկական հետազոտություններ իրականացնելուն և Կալիֆորնիայի համալսարանում կրթական ծրագրերին, ինչպես նաև համագործակցի բարեգործական ծրագրերին ԱՄՆ-ի տարածքում: Ինպես նշվեց «Լինսը» կհանձնի «Երազանք» հիմնադրամին իր բոլոր ակտիվները 200 միլիոն ԱՄՆ դոլարի գումարի սահմաններում: Բոլոր տեսակի ձևականություններն ավարտելուց հետո «Լինսի» հիմնադրամը կդադարեցնի իր գործունեությունը: Ինչպե՞ս են այժմ ձևավորվում աշխատանքները «Լինսի» և «Երազանք» հիմնադրամի միջև:
- Դժբախտաբար Լինսի հիմնադրամը այս տարվա փետրվարին փակեց իր դռները բարերար պարոն Քըրքորյանի որոշմամբ: Ինքը վաղուց որոշել էր, որ իր ծերության տարիներին (94) փակի այս հիմնադրամը: Այդպես էլ արեց: Այստեղ չպետք է փնտրել որևէ այլ շարժառիթ: Ինքը ոչ մեկից և ոչինչից չի նեղացել: Մենք, բոլորս էլ շնորհակալ պետք է լինենք երկար տարիների ընթացքում նրա առատաձեռնության համար և հուսանք, որ ապագայում էլ կօգնի Հայաստանին և հայությանը:
- Պրն. Սասունյան, ի՞նչ կմաղթեիք ռուսաստանաբնակ հայերին և ի՞նչ է նրանց պակասում:
- Մաղթում եմ Ռուսաստանի մեծ և հզոր հայկական համայնքին կառչած մնալ իր ազգային արմատներին, մշակույթին, լեզվին, կրոնին և իր երիտասարդ սերնդին մոտ պահի հայությանը և Հայաստանին: Պետք է առնչվել այն ամենի հետ, ինչը որ հայկական է և հաճախ այցելել Հայաստան, որպեսզի մայր հայրենիքի հետ կապը միշտ ամուր մնա:
- Պրն.Սասունյան, հայտնում եմ խորին երախտագիտությունս հարցազրույցի համար: Ցանկանում եմ Ձեզ հաջողություն հանուն հայրենիքի համար արվող Ձեր բոլոր գործերում:
Հարցազրույցն անցկացրեց Լիանա Զախարյանը «Կամուրջ» ամսագրի գլխավոր խմբագիր