Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Հայաստանի դիվանագիտությունը հետամուտ է դրա՝ որպես մարդկության դեմ իրականացրած ծանրագույն հանցագործության միջազգային ճանաչմանը եւ դատապարտմանը։ Այս մասին մարտի 2-ին ՀՀ դիվանագետի օրվա առթիվ իր ելույթում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը միջազգային բեմահարթակում հետեւողականորեն բարձրաձայնում է մարդկության դեմ նմանատիպ ոճիրների կանխարգելման անհրաժեշտությունը, հանդես գալիս համապատասխան նախաձեռնություններով, ինչպես դա եղավ անցյալ տարի Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով մեր նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւի ընդունումը:
Իր էլույթում Նալբանդյանը նաեւ նշել է. «Նախորդ տարի Հայաստանը հաջողությամբ նախագահեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում, որոնք էլ ավելի բարձրացրին մեր երկրի հեղինակությունը միջազգային ասպարեզում՝ եւս մեկ անգամ ընդգծեեցին մեր դիվանագիտական համակարգի պատրաստականությունը՝ ստանձնելու եւ հաջողությամբ իրականացնելու միջազգային կարեւորություն ունեցող առաքելություններ:
2013 թվականը նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշմամբ, որը բխում է Հայաստանի տնտեսական եւ ռազմավարական շահերից։
Հայաստանը եւ Եվրոպական միությունը երկուստեք վերահաստատեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հնարավոր ոլորտներում համապարփակ համագործակցությունը զարգացնելու եւ ամրապնդելու հանձնառությունը։
Հայաստանը հետեւողական ջանքեր է գործադրում սերտացնելու իր ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, զարգացնելու բարեկամական գործընկերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, խորացնելու փոխգործակցությունը եվրոպական, ասիական երկրների հետ, ընդլայնելու փոխհարաբերությունների աշխարհագրությունը»:
Նշենք, որ Հայաստանում Դիվանագետի օրը նշվում է արդեն երկու տարի: