Թուրքիայի մարդու իրավունքների միությունը դիմել է Շվեյցարիայի արդարադատության նախարարին՝ պահանջելով բողոքարկել ՄԻԵԴ-ի կողմից Դողու Փերինչեքի գործով կայացրած տխրահռչակ որոշումը։
Թուրքիայի մարդու իրավունքների միության (IHD) կողմից տարածված հայտարարության մեջ նշվել է, որ իրենք Շվեյցարիայի արդարադատության նախարարից պահանջել են օգտագործել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից 2013-ի դեկտեմբերի 17-ին կայացված վճռի բողոքարկան իրավունքը։ Այդ որոշումով բավարարվել էր Հայոց ցեղասպանության ժխտման համար դատապարտված Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։
IHD-ի հայտարարության մեջ ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ Թուրքիայում ցեղասպանության փաստի ժխտումը հող է նախապատրաստում հակաժողովրդավարական ուժերի, ատելություն հանցանքների եւ մարդու իրավունքների խախտման համար։ «Ցեղասպանությունը ժխտելը՝ ցեղասպանության շարունակություն է նշանակում։ Ցեղասպանության ժխտումը՝ մարդու իրավունքների խախտում է»,-ասվել է հայտարարության մեջ։
Նշենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել էր թուրքական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ը Դողու Փերինչեքի կողմից Ցեղասպանության ժխտումը դիտարկել էր խոսքի ազատության համատեքստում։
Ավելի վաղ, շվեցարական դատարանը Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար դատապարտել է Դողու Փերինչեքին։