Ղրիմում իրավիճակը նորմալ է, ոչ մի տանկ չկա ոչ Սիմֆերոպոլի, ոչ Յալտայի փողոցներում, ընդհանրապես` Ղրիմում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Սիմֆերոպոլի հայ համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանը` մեկնաբանելով իրավիճակը Ղրիմում:
Ըստ Մելքոնյանի` ամեն ինչ իր հունով է ընթանում: Նա նաեւ նշել է, որ Ղրիմի հայ համայնքի պաշտոնական դիրքորոշումը համահունչ է Ուկրաինայի հայ համայնքի դիրքորոշմանը, այսինքն` ստեղծված իրավիճակում հայերը չեզոքություն են պահպանում եւ հանդես գալիս երկրում կայունության եւ խաղաղության պահպանման դիրքից: Նա նաեւ հավելել է, որ հայ համայնքի դիրքորոշման վերաբերյալ ոչ մի նոր հայտարարություն չի հետեւելու: «Մենք կողմ ենք Ղրիմում ապրող բոլոր ժողովուրդների խաղաղությանը եւ անդորրին»:
Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՌԴ Դաշնության խորհուրդը միաձայն կողմ էր քվեարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Ուկրաինայում ռուսական զինված ուժերն օգտագործելու նախաձեռնությանը: