«Ղարաբաղ կարպետ» ընկերությունում նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում: Այս շաբաթ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում կբացվի ընկերության եւս մեկ մասնաճյուղ: Սա երրորդն է Ստեփանակերտից եւ Շուշիից հետո եւ աշխատանքով կապահովի ընդհանուր առմամբ 140 գորգագործի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ղարաբաղ կարպետ» ՍՊԸ տնօրեն Սեւակ Խաչատրյանը նշեց, որ կազմերպությունը նպատակ ունի ընդլայնել աշխարհագրությունն ու առաջիկայում Արցախի բոլոր շրջաններում ունենալ առնվազն մեկ կենտրոն: Գործարանում միջին աշխատավարձը 75 հազար դրամ է: «Ղարաբաղ կարպետ»-ն իր գործունեությամբ ոչ միայն տնտեսական լրջագույն խնդիրներ է լուծում, այլեւ վերականգնում է Արցախյան գորգերի նախկին համբավն ու պատերազմ մղում ադրբեջանական քարոզչության դեմ:
«Արցախյան գորգերը շատ մեծ առաքելություն ունեն, ամբողջ աշխարհում իրենք են ճաշակ թելադրում եւ մեծ պահանջարկ ունեն: Ղարաբաղյան նախշազարդերով գորգերը համաշխարհային շուկայում նորություն չեն եւ արդեն 1000 տարի է իրենց տեղն ու դիրքն ունեն: Պարզապես, դրանք թարմացնելու եւ վերարժեւորելու կարիք են զգում: Այստեղ նաեւ քաղաքական հաշվեհարդ
Սեւակ Խաչատրյանի խոսքերով, կազմակերպության արտադրանքով հետաքրքրված են նաեւ հայրենի ափերից դուրս: Նախորդ տարի նոյեմբերին Երեւանում կայացած միջազգային գիտաժողովից հետո կազմակերպության արտադրանքի նկատմամբ արտասահմանում մեծ հետաքրքրություն առաջացավ: «Աշխարհագրությունը լայն է` ԱՄՆ, Եվրոպա: Շատ լուրջ հետաքրքրություն կա Ավստրիայից: Եվրոպական մի քանի երկրների գորգագործական ընկերություններ եւ վերավաճառող կազմակերպություններ լուրջ հետաքրքրություն են դրսեւորում հայկական գորգերի նկատմամբ»,- ասում է Խաչատրյանը` հավելելով, որ կրկնակի հանգույցով գորգերը առանձնահատուկ տեղ են գրավում իրենց արժեքով եւ որակով, իսկ ոչխարհի բրդից գործված կարպետները վաղուց ճանաչվել են ամենաորակյալն ու մրցունակը: Արցախի պետական պատմագիտական թանգարանի աշխատակիցների համար սովորական է դարձել, որ հատկապես արտասահմանցի այցելուները թանգարանում նախատեսվածից երկար ժամանակ են անցկացնում եւ չեն կարողանում թաքցնել հիացմունքն ու զարմանքը: Թանգարանում այսօր գորգերի եւ կարպետների հսկայական հավաքածու կա` շուրջ 200 տեսակ: Սա արտասահմանցի զբոսաշրջիկների համար հսկայական հարստություն է թվում, սակայն, սա այն չնչին հատվածն է, որ հնարավոր է եղել փրկել խորհրդային ժամանակաշրջանում եւ հատկապես Արցախյան պատերազմի տարիներին, երբ հակառակորդը պատերազմ ծավալելուն զուգահեռ գողանում էր այն բոլոր արժեքավորն ու պատմականը` հետագայում սեփական պատմությունը կերտելու համար:
«Արցախը մեծ Հայքի այն նահանգներից մեկնէ եղել, որտեղ գորգագործությունը ոչ միայն զարգացած է եղել, այլեւ ավանդաբար փոխանցվել սերունդներին: Ցավոք, այդ գորգերի նկատելի մասը Արցախում չի պահպանվել: Դրանք հիմնականում հայտնվել են Արցախից դուրս: Խորհրդային տարիներին Ադրբեջանը հատուկ նպատակային քաղաքականություն է իրականացրել, որի արդյունքում արցախյան գորգերի հսկայական մասը հայտնվել են Բաքվում: Այսօր, Ադրբեջանի գորգի թանգարանի հավաքածուի գերակշոռ մասը հենց արցախ-ուտիքյան աշխարհի գորգերն են»,- ասում է Արցախի պետական պատմագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը: Թանգարանում պահպանվող ամենահին գորգը գործել են 1818 թվականին: Իրենց տեսքով եւ զարդանախշերով առանձնանում են 19-րդ եւ 20-րդ դարերի գորգերը:
Թանգարանի այցելուների թիվը տարեկան գերազանցում է 17 հազարը: Գերակշիռ թիվ են կազմում հատկապես արտասահմանից հյուրերը: «Արցախյան հիմնախնդրի միջազգայնացումը հետաքրքրություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում, ինչի հետեւանքով ղարաբաղյան ազատամարտից հետո առավելապես աճել են թանգարանի օտարերկրյա այցելուների թիվը: Այցելուների մեծամասնության հետաքրքրությունը պայմանավորված է հատկապես հայկական գորգարվեստով»,- պատմում է Բալայանը` հավելելով, որ 1997թ. ֆրանսիացի մի այցելու, ով հետաքրքրվում էր հին իրերի վաճառքով եւ ուներ հսկայական հավաքածու հիացավ հայկական գորգերով եւ առաջարկեց ցուցահանդես կազմակերպել Ֆրանսիայում: «Փարիզ, Մարսել, Լիոն քաղաքներում տեղի ունեցավ հայկական գորգերի ցուցադրությունը: Փաստը ամրագրվեց մի շարք տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցներում եւ առաջացրեց Ադրբեջանի ակնհայտ դժգոհությունը: Ցավոք, այսօր հայկական գորգագործությունն աշխարհին լավագույն կերպով ներկայացնելու համար որոշակիորեն խանգարում է երկրի չճանաչվածությունը, սակայն, եթե հաշվի առնենք, որ տարեկան օտարերկրյա զբոսաշրջիկների թիվն ավելանում է, ապա կարող ենք հանգիստ փաստել, որ արցախյան գորգերը տարեցտարի վերականգնում են իրենց համաշխարհային անունն ու համբավը»,-նշեց Բալայանը:
Հասմիկ Հարությունյան, ARMENPRESS.am