«Սա բացարձակ խայտառակություն է: Հուսով եմ, հարցը կվերանայեն: Առավել եւս, որքան ինձ է հայտնի, կա հրահանգ վերանայել հարցը համապատասխան ճարտարապետների եւ մասնագետների հետ միասին», -NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կարինե Դանիելյանը:
Բնապահպանն ընդգծել է, որ Հասարակական խորհուրդը բազմիցս դեմ է հանդես եկել որոշմանը: «Ես միշտ ուրախանում էի, երբ մեզ հաջողվում էր Սփյուռքի ուշադրությունը հրավիրել խնդիրների լուծման վրա: Երբ Էդուարդո Էրնեքյանը ստանձնեց «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը, նույնպես մտածում էի, որ լավ կլինի: Սակայն արդյունքում, ամեն ինչ չէ, որ լավ է ստացվել»,- հավելել է Կարինե Դանիելյանը:
Նրա խոսքով՝ ԱԳՆ շենքի վերածումը հյուրանոցի նույնպես չենք կարող դասել փայլուն լուծումների շարքը: «Եթե անգամ ցանկանային այն վերածել մշակութային կենտրոնի: Ինձ համար Հանրապետության Հրապարակը երկրի սիրտն է: Սփյուռքի համար նույնպես: Հարցն այն է, թե ինչ է խորհրդանշում այդ սիրտը` պետականություն, թե բիզնես: Բարոյական գործոնը շատ կարեւոր է»,- ընդգծել է Կարինե Դանիելյանը: Բացի այդ, նշել է բնապահպանը, եթե շինությունը վերաձեւեն, պետք է փոխեն նաեւ ներքին տեսքտ: «Եվ շենքը դադարում է ճարտարապետական հուշարձան լինելուց»,- նշել է բնապահպանը:
Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է կարեւորությունը, թե որտեղ է գտնվում երիկրի ԱԳՆ-ը: «Այստեղից իսկապես հրաշալի տեսարան է բացվում, ես հաճախ եմ հետեւել, թե ինչպես է փոխվել օտարերկրյա պատվիրակությունների ներկայացուցիչների դեմքի արտահայտությունը: Սա երկրի հանդեպ վերաբերմունք է ձեւավորում»,- նշել է Կարինե Դանիելյանը: