Ռուսաստանի հայերի միության նիստերի դահլիճում «Հայ մշակույթի բարեկամները» ծրագրի շրջանակներում տեղի կունենա Վիկտոր Կոնոպլեւի «Հայաստանը որպես սիրո վիճակ» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 21-ին ժամը 19:00-ին:
Ինչպես հաղորդում է ՌՀՄ մամուլի ծառայությունը, ժողովածուն ներառում է բանաստեղծություններ Արցախի, Հայաստանի, հայերի մասին:
Վիկտոր Կոնոպլեւը ծնվել է 1969թ.-ին Մալորիտա քաղաքում, այժմ բնակվում է Նիժնի Նովգորոդում: Զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ, այդ թվում նաեւ Հայոց ցեղասպանության փաստի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: Պարգեւատրվել է Հայաստանի Սփյուռքի նախարարության պատվոգրով(2010թ.), «Արցախի պետական համալսարանի 40-ամյակի» հուշամեդալով(2011թ.), ԼՂՀ Կաշաթաղի շրջանի վարչության պատվոգրով(2012թ.), զոհված ազատամարտիկների հարազատների միության շքանշանով(2012թ.): Նրա ստեղծագործությունները հրապարակվել են ինտերնետ ու տպագիր պարբերականներում, խմբակային ժողովածուներում: Վիկտոր Կոնոպլեւը Արցախի հիմնի ռուսերեն թարգմանության հեղինակն է: 2011թ.-ին «Սիրել Հայաստանը ռուսական ձեւով» բանաստեղծությունն ընդգրկվեց ՀՀ դպրոցների 12-րդ դասարանի ռուսաց լեզվի դասագրքերում:
Ռուս-հայկական փոխհարաբերությունների, պատմության, մշակույթի, ավանդույթների ու մարդկանց մասին «Մեր միջավայրը» նախագծի հեղինակն ու խմբագիրն է, Լեռնային Ղարաբաղի գրողների միության անդամ: