Ամերիկայի հայ դատի գրասենյակը բաց նամակ է հղել Միացյալ Նահանգների օրենսդիրներին՝ կոչ անելով հանդես գալ ընդդեմ օտարերկրյա միջամտությանը ամերիկայի հասարակական կյանքին Ադրբեջանի կոռումպացված դիկտատոր Իլհամ Ալիեւի կողմից: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
Բաց նամակում ԱՀԴԳ գործադիր տնօրեն Արամ Ամբարյանը, մասնավորապես, նշել է. «Գրում եմ, որպեսզի նախազգուշացնեմ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ճնշում է գործադրում նահանգների օրենսդիր մարմինների վրա ողջ երկրում, որպեսզի նրանք միանան իր զազրելի ու առավել ագրեսիվ հարձակումներին իր քրիստոնյա հարեւան հայերի վրա»:Նամակում ընդգծվում է, որ նախագահ Իլհամ Ալիեւն ավելի հայտնի է աշխարհում իր կողմից մարդասպանին ներում շնորհելով ու կոչումը բարձրացնելով, ով խոստովանել էր Հունգարիայում ՆԱՏՕ ծրագրի շրջանակներում քնած հայ սպային կացինով սպանելու իր հանցանքը: «Այդ ամոթալի արարքը կտրուկ քննադատվեց նախագահ Օբամայի կողմից: Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված դրությունն աշխարհում վատագույններից մեկն է. տարեկան արձանագրվում է Պետդեպարտամենտի հաշվետվություններում մարդու իրավունքների մասին»,- ասվում է նամակում:ԱՀԴԳ գործադիր տնօրենի խոսքով՝ դա իսկապես ամերիկյան դեմոկրատական ավանդույթների տուրքն է, որ նույնիսկ այնպիսի կոռումպացված ռեժիմը, ինչպիսին որ Իլհամ Ալիեւինն է, կարող է ազատորեն գործել ամերիկյան հասարակության ներսում: «Սակայն դա դեռ չի նշանակում, որ ամերիացիները պետք է լռեն օտարերկրյա ղեկավարների միջամտումների դեմ, ովքեր չեն հարգում մեր իրավունքներն ու չեն կիսում մեր արժեքները՝ հատկապես եթե փորձում են իրենց անհանդուրժողությունը տեղափոխել մեր երկիր»,- ընդգծել է նա:
Որպես եզրափակում նա գրել է. «Մեր ամերիկյան ժողովրդավարության ոգով խնդրում եմ թույլ չտալ օտար այդ բռնակալին գրավել մեր նահանգի օրենսդիր ժողովը Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախ ժողովուրդների դեմ ուղղված իր ծրագրի համար»: