Ֆրանսահայ կինոռեժիսոր, Կաննի փառատոնի դափնեկիր Սերժ Ավետիքյանի և ֆրանսիացի կատակերգու Ժան Ֆրանսուա Դերեքի համատեղ նկարահանվող նոր կատակերգության նկարահանումների մեծ մասը կիրականացվի Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում:
Փարիզից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ավետիքյանը նշեց, որ 2013 թ. հոկտեմբերին ինքը Ժան Ֆրանսուա Դերեքի հետ սցենարի հարստացման և նկարահամուների վերջնական վայրը որոշելու նպատակով այցելել էր Հայաստան, Խաչիկ գյուղ, որի արդյունքում սցենարային որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել:
«Այժմ մշակում ենք սցենարի երրորդ տարբերակը, ֆիլմի պրոդյուսերը խնդրեց մի փոքր էլ աշխատել դրա վրա: Հայաստանը շատ մեծ դեր կխաղա այս ֆիլմում նաև համաարտադրության առումով»,- ասաց Ավետիքյանը:
Ֆիլմում կներկայացվի պատմություն, թե ինչպես է մի ֆրանսացի արտիստ գնացել Ադրբեջան` համերգ տալու նպատակով և, պատահաբար անցնելով սահմանը, հայտնվել է հայկական գյուղում: Արդյունքում` գյուղում հայտնված հյուրի և գյուղացիների միջեւ հետաքրքիր փոխհարաբերություններ են ձևավորվում: Ավետիքյանի գնահատմամբ` ֆիլմում արծարծվում է այն գաղափարը, որ անգամ եթե լեզու էլ չգիտես և կարողանում ես մի կողմ դնել խնդիրները ու հասկանալ մյուսի աշխարհը, ապա մարդկային փոխհարաբերությունը շատ ավելի ջերմանում է. անհեթեթ իրավիճակի մեջ անգամ մարդկային շատ նուրբ կապեր կան:
«Ամենաուշը մեկ ամսից պատրաստ կլինի սցենարի վերջնական տարբերակը և կթարգմանվի հայերեն: Երբ մարտին գամ Հայաստան, այդ ժամանակ կարող ենք ավելի լրջորեն խոսել համաարտադության մասին»,- տեղեկացրեց Ֆրանսահայ կինոռեժիսորը, ով այժմ համատեղ աշխատում է «Վերջին ռաունդը Ստամբուլում» ֆիլմի վրա, որտեղ անդրադարձ կլինի նաև Հայոց ցեղասպանության հետևանքներին:
Ավետիքյանը նաև նկարահանվելու է ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի` 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքների մասին պատմող նոր ֆիլմում, որը կանդրադառնա նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի գործողություններին:
Ավետիքյանի վերջին կինոաշխատանքը «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն էր, որը ոչ միայն շարունակում է փառատոնային հաղթարշավ ապահովել, այլև 2013 թ. վերջին արժանացավ ՀՀ նախագահի պետական մրցանակին:
ARMENPRESS.am