NEWS.am-ը ներկայացնում է բրիտանական «The Guardian»-ում հրապարակված հոդվածը 106-ամյա հայուհու մասին, ով փրկվել է Թուրքիայում հայերի դեմ իրագործած ցեղասպանությունից:հոդվածը գրվել է Եվրոպայի հինգ խոշորագույն թերթերի հատուկ նախագծի շրջանակներում, որոնք ներկայացնում են Առաջին Համաշխարհային պատերազմի քիչ ականատեսների հարցազրույցները:
Փոքրամարմին տարեց կինը Մարսելում արդեն փողոց դուրս չի գալիս: Կծկված, ձեռնափայտին հենվող տատիկին ուրախացնում են դուստրն ու թոռները: Հարցրեք նրան մանկությունից, նա անմիջապես առույգանում է: Օվսաննա Գալստյանը 106 տարեկան է եւ մեկն է այն վերջիններից, ովքեր ողջ են մնացել 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունից հետո: Օվսաննան պարզ գիտակցում է դերը, որը պետք է կատարի ինքը մոտ 100 տարի անց:
«Աստված ինձ թույլ է տվել այսքան երկար ապրել, որպեսզի ես կարողանամ պատմել պատմությունը»,- ասում է նա՝ հիշողության մեջ պահելով ահաբեկչության մի շարք պատկերներ ու մանրամասներ: Օվսաննան ծնվել է 1907թ.-ին Ադաբազարում, որը 100 կմ արեւելք է ընկած Կոստանդնուպոլսից(ներկայիս Ստամբուլ): Նա մեծացել է եկեղեցու դիմաց գտնվող գեղեցիկ տանը: Քաղաքն առեւտրի ու արհեստների կարեւոր կենտրոն էր հայ բնակչության համար, որի թիվը 1914թ.-ին կազմում էր մոտ 12.5 հազար մարդ: «Նույնիսկ հույներն ու թուրքերն էին հայերեն խոսում»,- պատմում է Օվսաննա: Նա ինքը թուրքերեն սովորել է միայն տեղահանման ժամանակ: Հայրը գինետուն ուներ, որտեղ գտնվում էր նաեւ վարսավիրանոց ու ատամնաբուժարան: Նա այնտեղ էր գնում ամեն առավոտ՝ դպրոցից առաջ, թեյ խմելու համար:
1915թ.-ին Օվսաննան 8 տարեկան էր, երբ երիտթուրքերի կառավարությունը հրամայեց տեղահանել հայերին: «Կիրակի էր, եւ Օվսաննայի մայիրը վերադառնում էր եկեղեցուց: Քահանան քիչ առաջ էր հայտարարել, որ քաղաքի ամեն շրջան պետք է երեք օրվա ընթացքում դատարկվի»,- ասում է նրա թոռ Ֆրեդերիկգ, ով պահպանել է ընտանեկան պատմությունը: Խմբերը ոտքով շարժվում էին հարավ ու արեւելք: Օվսաննան ծնողների, եղբոր, հորեղբոր, հորաքրոջ ու զարմիկների հետ եկել է Էսքիշեհիր, որտեղ նրանց տեղավորել են անասունների հետ մի վագոնում: Այդպես հազարավոր հայեր ուղարկվել են Սիրիայի անապատներ: Սակայն գնացքը Չայի ճանապարհին Աֆյոնքարահիսար նահանգում, կանգնեցվել է, նրանց հրամայել էն ժամանակավոր ճամբար կառուցել:
Բաշխման կենտրոններն առջեւում արդեն լեցուն էին: Միայն երկու տարի անց նրանք վերջապես բաժանվեիցն ու թաքնվեցին գյուղերում: Օվսաննան հիշում է, թե ինչպես էր անհանգստանում երիտասարդ աղջիկների մասին, որոնց առեւանգում էին Օսմանյան բանակում ծառայող ավազակները: 1918թ.-ի հաշտությունից հետո Օվսաննան ու իր ընտանիքը վերադարձել են ու հայտնաբերել, որ իրենց տունն ամբողջովին այրվել է, այնուհետեւ նրանց դուրս են հրավիրել քաղաքի թուրք բնակիչները: Սկզբում նրանք գնացել են Կոստանդնուպոլիս: 1924թ.-ին Օվսաննայի հորեղբայրներն իրենց ընտանիքներով մեկնել են ԱՄՆ: Չորս տարի անց նավակով ինքն էլ մեկնում է Մարսել:
«Մենք ժամանեցինք դեկտեմբերին, երբ ձյուն էր գալիս»,- հիշում է նա: Այսօր Մարսելի բնակչության 10 տոկոսը ծագում է Հայոց ցեղասպանությունից հետո ողջ մնացած հայերից: Օվսաննան աշխատում էր տեքստիլ արդյունաբերության ոլորտում: Ամուսնացել էր ընտանիքից միակ ողջ մնացած Զավեն Գալստյանի հետ: Նրանք բացել են արեւելյան խանութ, հողատարածք գնել ու հիմնավորվել: «Նա մեզ հայերեն է սովորեցրել, սակայն իր պատմությունները լսել ենք ավելի ուշ»,- ասում է Ֆրեդերիկը:
Օվսաննան աշխատում է մշակութային միավորումներում ու մասնակցում է համայնքի բողոքի ակցիաներին: Նա հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարի չմարող ձայնն է: «Ժխտել ցեղասպանությունը նույնն է, ինչ ժխտել տատիկիս խոսքերը»,- ասում է Ֆրեդերիկը: