Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր հայտարարություններում ուզում է եվրոպացիներին ցույց տալ, որ իր երկում այս պահին տեղի ունեցողը վերապրել են նաեւ Եվրոպայում, եւ եվրոպացիները չպետք է մոռանան այդ մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է արաբագետ Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով Սիրիայի առաջնորդի վերջին հարցազրույցին, որտեղ նա հիշել է թուրքերի կողմից 1,5 մլն հայերի եւ ուղղափառ ասորիների զանգվածային սպանությունների մասին:
Արաբագետի խոսքով՝ Ասադի հայտարարությունները, որոշակի ենթատեքստ է պարունակում. «Բացի բոլորի համար ընկալելի ահաբեկչության բնորոշումներից, Բաշար ալ-Ասադը Սիրիայում ահաբեկչական դրսեւորումները կապում է Եվրոպայի պատմության հետ, եւս մեկ անգամ ցույց տալով, որ եվրոպացիների հիշողության մեջ եւս վառ պետք է լինեն ահաբեկչության եւ ավերածությունների խնդիրները, որոնք այսօր բարձրացվում են Սիրիայում: Միևնույն ժամանակ, խոսելով օսմանցիների կողմից 1.5մլն հայերի և կես միլիոն ասորի սիրիացիների Սիրիայում և Թուրքիայում ջարդերի մասին` Ասադը ևս մեկ անգամ դրոշմում է միջազգային հանրության գիտակցության մեջ այդ զանգվածային կոտորածների ու փաստորեն «ահաբեկչության» Թուրքիայի տարածքում ժամանակին կատարված լինելու հանգամանքը, ինչը Թուրքիայի օգտին չէ»,-ասել է Սարգիս Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «Ֆրանսպրես» գործակալությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե որնէ ամենաբարդ խնդիրը, որի միջով ստիպված է եղել անցնել այս տարիների ընթացքում, նա հայտարարել է, որ շատ բաների հետ է դժվար եղել հաշտվել: «Նախ, ահաբեկչության դաժանության եւ անմարդկայնության աստիճանի հետ: Դրանց դաժանությունը հիշեցնում է այն վիճակը, որը կար Եվրոպայում 500 տարի առաջ: Այն հիշեցնում է նաեւ թուրքերի կողմից Թուրքիայի եւ Սիրիայի տարածքներում 1,5 մլն հայերի եւ կես մլն ասորիների զանգվածային ոչնչացումը: Մյուս ասպեկտը, որը դժվար է հասկանալ, դա արեւմտյան պաշտոնյաների կողմից տարածաշրջանում տեղի ունեցող դեպքերի չհասկանալու աստիճանն է: Նրանք միշտ շատ ուշ են գիտակցել իրերի իրական դրությունը»,-ասել է Ասադը: