Ներկայումս արտաքսումներ են տեղի ունենում ողջ Ռուսաստանով մեկ, իսկ Սոչիի դեպքում՝ Օլիմպիական խաղերի նախապատրաստությունը եւս այդ հարցում երեւի դեր է խաղում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը՝ անդրադառնալով Սոչիից հայերի արտաքսման մասին տեղեկություններին:
«Սովորաբար, երբ իրավապահ մարմինները ինչ-որ անօրինական քայլ են անում, մեզ զանգահարում եւ բողոքում են, բայց ես Սոչիից տեղեկություն չեմ ստացել, որ ինչ-որ լրացուցիչ խնդիրներ են ծագել: Ովքեր չունեն գրանցում, այո, այդտեղ կան խնդիրներ, եւ, իհարկե, նրանց կարտաքսեն»,-նշել է Թավադյանը եւս մեկ անգամ կրկնելով, որ ներկայումս Սոչիում Օլիմպիադայից առաջ ինչ-որ հատուկ ռեժիմ է մտցվել: Նա նաեւ հավելել է, որ հիմնականում արտաքսում են ադրբեջանցիներին, ուզբեկներին ու տաջիկներին:
Ռուսաստանի հայերի միության Սոչիի բաժանմունքի ղեկավար Հրաչ Մակեյանն, իր հերթին, հայտարարել է, որ հայերին Սոչիից արտաքսում են օրինական փաստաթղթեր չունենալու պատճառով: «Այն հայերը, որոնց փաստաթղթերը նորմալ են, նորմալ էլ ապրում են: Արտաքսման խնդիրն այն է, որ այդ մարդիկ անձնագրեր չունեն»,-նկատել է Մակեյանը՝ հավելելով, որ հայերի ուղղորդված արտաքսման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: