Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել թուրք գործիչ Դողու Փերինչեքի հայցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տխրահռչակ վճռի կապակցությամբ՝ հայտնելով, թե իրենք նպաստել են նման բնույթի որոշման կայացմանը։
Թուրքական Haberand կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Թուրքիան պաշտոնապես ներգրավվել է հիշյալ դատական գործընթացում եւ ՄԻԵԴ-ին տեսակետներ է ներկայացրել։
Հայտարարության մեջ կարեւորվել է այն հանգամանքը, թե ՄԻԵԴ-ի որոշման մեջ տարբերակվել է 1915-ի իրադարձություններն ու Հոլոքոստը։ «Հուսով ենք, որ Եվրոպայի մարդու իրավունքների ամենաազդեցիկ դատական մարմնի կողմից կայացրած վճիռը կարեւոր պատասխան կլինի Եվրոպայում ժխտումը քրեականացնող օրենքների օրակարգ գալու դեմ»,-նշվել է Թուրքիայի ԱԳՆ-ի կայացման մեջ։
Նշենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել էր թուրքական Աշխատավորական կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի։ ՄԻԵԴ-ը Դողու Փերինչեքի կողմից Ցեղասպանության ժխտումը դիտարկել էր խոսքի ազատության համատեքստում։