Օբամայի՝ քալիֆորնիական Գլենդել այցելության կապակցությամբ, որտեղ բնակվում է մոտ 90 հազար ամերիկահայ, կրոնական ու համայնքային առաջնորդները մամուլի ասուլիս են անցկացրել, որի նպատակն է կոչ անել նախագահին դադարել արգելափակել Հայոց ցեղասպանության ժամանակների որբերի կողմից պատրաստված գորգի ցուցադրությունը: Այս մասին NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեում:
ԱՀԱԿ-ի Գլենդեյլի բաժանմունքի նախագահ Պերճ Կարապետյանը բացել է մամուլի ասուլիսը, որին մասնակցել են հայ ու ամերիկայն մեծաթիվ լրատվամիջոցներ: ԱՀԱԿ-ի Ազգային խորհրդի անդամ Րաֆֆի Համբարյանը հայտարարել է. «Մենք մտածում ենք ցեղասպանության փոքրիկ որբերի մասին, որոնք ամենայնա մանրամասնությամբ գործել են գորգը: Վերջապես մենք գործելու ենք՝ պահանջելով, որպեսզի նախագահ Օբաման դադարեցնի իր վարչակազմի՝ գորգը կարանտինի տակ պահելու արտասովոր քաղաքականությունը: Սա չափազանց արտասովոր վերաբերմունք է ամերիկյան պատմության հանդեպ, որը ներկայացնում է մեր երկրի հզորությունը՝ արձագանքելով մարդկության դեմ հանցագործությանը:»
Մամուլի ասուլիսն ավարտվել է նրանով, որ մասնակիցները ստորագրել են նամակ՝ ուղղված նախագահ Օբամային, որում նրան ողջունում են Գլենդեյլում ու կոչ անում «թույլ տալ Հայոց ցեղասպանության զոհ հանդիսացող որբերի կողմից գործված գորգի ցուցադրությունը»:
Հիշեցնենք, որ վերոհիշյալ գորգի ցուցադրությունն արգելվել է, հնարավոր է, Թուրքիայի բացասական արձագանքից խուսափելու համար: Գորգը գործվել է 1920-ական թվականներին ու պաշտոնապես Սպիտակ տանը հանձնվել 1925-ին: Այն պատրաստվել է ներկայումս Լիբանանում գտնվող Գազիր քաղաքում՝ ի նշան երախտագիտության՝ Ցեղասպանության տարիներին ԱՄՆ-ի ցուցաբերած օգնության: