Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը 2013 թվականի իր համերգաշրջանը կեզրափակի վաղը՝ դեկտեմբերի 25-ին, Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում՝ աշխարհահռչակ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրադարկիի եւ ֆլեյտահար Սառա Ռուլիի հետ արգենտինյան տանգոյի կատարումներով:
Այդ մասին այսօր պատմեցին հենց երաժիշտները եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր, գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը:
Բանդոնեոնահարի խոսքով, համերգի բացմանը կհնչեն արգենտինյան տանգոյի արքա Աստոր Պիացցոլլայի՝ հայասատանյան ունկնդրին դեռեւս անհայտ ստեղծագործությունները:
«Հայաստանում ես բոլորովին նոր ծրագիր կներկայացնեմ: Հուսով եմ՝ այն դուր կգա հայ հանդիսատեսին: Համերգի բացմանը կհնչի Պիացցոլլայի «Կոնցերտո դի Ակոնկագուա» ստեղծագործությունը»,- նշեց երաժիշտը:
Նրա խոսքով, համերգի երկրորդ բաժնում իր եւ ֆլեյտահար Սառա Ռուլիի կատարմամբ կկայանա նոր ստեղծագործության համաշխարհային պրեմիերա:«Ծրագրում կա եւս մեկ կոմպոզիտոր, ում հետ սկսել եմ աշխատել:
Այդ Մարտին Պալմերին է՝ երիտասարդ արգենտինյան կոմպոզիտոր, ով ֆլեյտայի եւ բանդոնեոնի համար ստեղծագործություն է գրել: Այն կոչվում է «Ֆանտազիոզո դե Բուէնոս Այրես» եւ առաջին անգամ կհնչի Հայաստանում: Կոմպոզիտորը դեռեւս չի եղել Հայսատանում, բայց հուսով եմ, որ կգա»,- նշեց Մարիո Ստեֆանո Պիետրադարկին:
Երաժիշտը նաեւ տպավորությունները ներկայացրեց Հայաստան կատարած արդեն վեցերորդ այցից: Այս օրերին Երեւանում չափազանց ցուրտ է Պիետրադարկիի համար, քանի որ նա ծնվել է Իտալիայի հարավում: Երաժիշտը նշեց նաեւ, որ այս ժամանակահատվածում Հայաստանում լինելն իր համար մեծ ուրախություն է. նախ վաղը՝ դեկտեմբերի 25-ին, Կաթոլիկ եկեղեցին նշում է Սուրբ Ծնունդը, իսկ հաջորդ օրը՝ դեկտեմբերի 26-ին, իր սեփական ծննդյան օրն է:
Պիետրադարկին ափսոսանք հայտնեց, որ այս անգամ շատ հյուրախաղերի պատճառով հայկական երաժշտություն չի կատարի, սակայն խոստացավ, որ Հայաստան իր հաջորդ այցի ժամանակ կկատարի հայ կոմպոզիտոր Կարեն Անանյանի կոնցերտը՝ բանդոնեոնի եւ ֆլեյտայի համար: Նշենք, որ անցյալ տարի իտալացի երաժշտի կատարմամբ եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ հնչեց հայ մեծ երգահան Կոմիտասի «Կռունկը»:
Նա հավելեց, որ Հայաստանի հանդեպ իր մեծ սերը սկսվել է աշխարհահռչակ գրող եւ սցենարիստ Տոնինո Գուերայի հետ շփումից, ով անչափ սիրել է Հայաստանն ու հայերին, եւ Հայաստան կատարած իր ճամփորդություններն անվանել է «ուղղահայաց»՝ դեպի բարձր լեռներում գտնվող վանքեր կատարած ճամփորդություններ:
Իր հերթին ֆլեյտահար Սառա Ռուլին նշեց, որ անչափ ուրախ է Հայաստանում գտնվելու համար: Մեր երկրի մասին նա լսել է Մարիոյից: Առաջին անգամ երաժիշտը բանդոնեոնի հնչյունները լսել է 9 տարեկանում, իսկ նրա երաժշտության առաջին ուսուցիչներն էին Դի ՄատՏեոն եւ Կլաուդիո Կալիստան: Երաժիշտը մեծ հաջողությամբ հանդես է գալիս հյուրախաղերով ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում:
Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին շատ է ելույթ ունեցել Հայաստանում, Պետական երիտասարդական նվագախմբի նվագակցությամբ: Նրա կատարմամբ հայ երաժշտասերներն արդեն հասցրել են լսել Աստոր Պիացցոլլայի եւ Ռոբերտո Մոլինելլիի ստեղծագործությունները, իսկ վերջերս Պիետրադարկին կատարել է Հայաստանի առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի ստեղծագործությունը:
Ֆլեյտահար Սառա Ռուլին ծնվել է Իտալիայի Լանչիանո քաղաքում: Ավարտել է Պեսկարայի պետական երաժշտական կոնսերվատորիայի ֆլեյտայի բաժինը: Այնուհետեւ Սառան ուսումը շարունակել է աշխարհի լավագույն ֆլեյտահարների ղեկավարությամբ, որոնց թվում են Բրունո Կավալլոն, Պատրիկ Գալուան, Կարլոս Բրունելը, Էմիլի Բեյնոնը եւ Անդրեա Օլիվան:
Նա ելույթ է ունեցել Լանչիանոյի F.Fenaroli միջազգային երիտասարդական, Ֆոջիայի U.Giordano սիմֆոնիկ, Պեսկարայի սիմֆոնիկ, F.Busoni կամերային եւ Աբրուցոյի սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նրա՝ որպես մենակատար բեմելը կայացել է 2008 թվականի օգոստոսին, Մոլդովայի ազգային կամերային նվագախմբի հետ: Այնուհետեւ Սառան հանդես է եկել որպես մենակատ Քիշնեւի Martishor փառատոնում, Նյու Յորքում՝ I Solisti Aquilani եւ Du Monde համույթների հետ, Ասկոլի Պիչենոյում՝ Settembre in Musica փառատոնում եւ այլն:
Լիլիթ Պետրոսյան, NEWS.am STYLE