Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը Դողու Փերինչեքի գործի առթիվ ճանապարհ կբացի Հայոց ցեղասպանության ժխտման համար, ինչն անընդունելի է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Արա Թորանյանը:
Նրա համոզմամբ՝ ՄԻԵԴ որոշումը Դողու Փերինչեքի գործի առթիվ շատ վտանգավոր որոշում է: «Իրականում այս որոշման անհրաժեշտությունը չկար: Այնուամենայնիվ, մենք հույս ունենք, որ այսօր կամ վաղը կհրապարակվի մեր բողոքն ընդդեմ այս որոշման», - ասել է Արա Թորանյանը: Նա ավելացրել է, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը մտադիր է ցույց անցկացնել, միջնորդագիր նույնպես հնարավոր է լինի, բայց վերջնական որոշում դեռ չի կայացվել, թե որ կառույցներին կուղարկվեն ՄԻԵԴ որոշման դեմ միջնորդագիրը:
«Գալիք տարվա հունվարի 25-ին եւ 26-ին Փարիզում եւ Ֆրանսիայի խոշոր քաղաքներում մենք բողոքի ցույցեր կկազմակերպենք, որպեսզի Թուրքիան չկարողանա Եվրոպական Միություն մուտք գործել»,- ընդգծել է Արա Թորանյանը:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ը բավարարել է հակահայ թուրք գործիչԴողու Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ իր որոշումը հիմնավորելով խոսքի ազատության սկզբունքով: Թուրքական կողմը հույս է հայտնել, որ այս որոշումը նախադեպ կհանդիսանա եւ հետ կպահի այն երկրներին, որոնք ցանկանում են քրեականացնել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտումը:
Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ, հակահայ գործիչ Դողու Փերինչեքը 2008թ.-ին Շվեյցարիայում դատապարտվել էր Հայոց ցեղասպանության փաստը հրապարակայնորեն ժխտելու համար: Նրա կողմից ստեղծված «Թալեաթ փաշա» կազմակերպությունը պայքարում է Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: