Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի երեւանյան այցին է անդրադարձել Թուրքիայի Համաշխարհային քաղաքական զարգացումների կենտրոնի տնօրեն, թուրքական Star պարբերականի սյունակագիր Մենսուր Աքգյունը։
Թուրք հայտնի վերլուծաբանն իր հրապարակման սկզբում նշել է, թե չնայած 2009-ին, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները փափկեցրեցին հայ-թուրքական հարաբերությունները, սակայն դրանք դեռ խնդրահարույց են մնում։
Մենսուր Աքգյունը գրել է, թե Թուրքիան Ադրբեջանից խիստ հակազդեցության հետեւանքով առկախեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ երկու երկրները հարաբերությունները պայմանավորեցին Ղարաբաղի խնդրի լուծման մեջ կատարվելիք քայլերով։
«Շատերի կարծիքով, եթե հարաբերություններն այսպես ընթանան, Ադրբեջանն իր պահանջը Թուրքիայի վրայից չի հանի։ Հայաստանը, ով աշխատում է աշխարհին ճանաչել տալ Ցեղասպանությունը, 2015-ից առաջ Թուրքիայի հետ մերձեցմանը ջերմ չի նայելու։ Բացի այդ, Ղարաբաղի խնդիրն էլ չի լուծվելու։ Սական ես հուսով եմ, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն»,-գրել է թուրք վերլուծաբանը՝ կետերով նշելով իր լավատեսության հիմքը.
- Թուրքիան կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, դրա համար էլ հենց Դավութօղլուն մեկնեց։ Այլ դեպքերում Թուրքիան ավելի ցածր մակարդակով կմասնակցեր նման հանդիպումներին։
- Երբ Դավութօղլուն օդանավում տեղահանության մասին էր խոսում, լրագրողների մեջ էին նաեւYeni Safak-ի լրագրող Մարգար Եսայանը եւ «Ակոս»-ի խմբագիր Ռոբեր Քոփթաշը, ինչպես նաեւ Սփյուռքը ներկայացնող Սամսոն Օզարարատը։
- Մյուս կարեւոր կետն այն էր, որ Դավութօղլուի այցի ժամանակ գրեթե բոլոր հայտնի թուրքական հեռուստաընկերությունները եւ լրատվամիջոցները Երեւանում էին։
- Երեւում է, որ Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում առաջընթաց կա։ Կարծես կողմերը համաձայնվել են հարցը միանգամից լուծելու փոխարեն քայլ-քայլ կարգավորել։ Հայաստանը, ամենայն հավանականությամբ, ռազմավարական առումով իրեն չանհանգստացնող ինչ-որ զիջման կգնա։
- 2009-ի համեմատ հիմա այլ իրավիճակ է։ Հիմա Թուրքան Ադրբեջանի հետ այս հարցով ավելի խորը շփումների մեջ է։ 2009-ին Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնության մասին Ադրբեջանին միայն զգուշացրել էր։ Իսկ այս անգամ արդեն Ադրբեջանի հետ խորհրդակցել եւ համաձայնեցրել է։
- Թուրքիան այս անգամ ավելի պատրաստված է երեւում։ Թուրքիան արդեն հասկացել է, որ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ը Ադրբեջանում բացի իրենց շահերից այլ բանով չեն զբաղվելու։
- Թուրքիան 4 տարի առաջվա համեմատ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման պատճառը չի համարում Ցեղասպանության մեղադրանքից փրկվելը։ Երկու երկրների հարաբերություններն այժմ փոխադարձ շահերի եւ տարածաշրջանային կայունության հիման վրա են կառուցվելու։ Պատմական նախապաշարումներից եւ վաղերից ազատված Թուրքիան ցեղասպանության հարցը երկրի ներսում է քննարկելու։
- Դավութօղլուն օդանավում հիշատակեց 1915-ի ողբերգությունը, որի ընթացքում վկայակոչեց «տեղահանություն» տերմինը։ Այսինքին, սա վկայում է, որ Անկարան առաջիկայում իր հարցն ինքն է լուծելու եւ ցեղասպանության հարցը արտաքին քաղաքականության օրակարգից կարող է հանել»,-գրել է Մենսուր Աքգյունը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am