Արամ Մանասելյանն աշխատում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, զբաղվում է կիսահաղորդչային նանոկառուցվածքների ֆիզիկական բնութագրերի տեսական ուսումնասիրությամբ: Աշխատանքները ներկայացվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներում, օրինակ` CAP2010 Congress, Nato Advanced Research Workshop “Brilliant Light Facilities and Research in Life and Material Sciences”, International Conference “New Technologies for Development of Heterosemiconductors for Device Applications”, International Conference “Nanoscience & Nanotechnology” և այլն: Հեղինակ է 20-ից ավելի գիտական հոդվածների, որոնց վրա կան բազմաթիվ հղումներ միջազգային գիտական պարբերականներում: Ասում է, որ տեսնում է միայն շատ փոքր փոփոխություններ վերջին տարիներին մեր երկրում գիտության կազմակերպման ու խրախուսման հարցում, սակայն գլոբալ իմաստով քիչ բան է փոխվել: Դժվարացավ ասել, թե երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ է պատկերացնում իր մասնագիտական հետագա աճը, ապագան, թե՞ արտասահմանում. «Երկու տարբերակն էլ չեմ բացառում»:
- Որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառները։
- Կարծում եմ՝ Հայաստանում բոլոր ոլորտներն էլ թերֆինանսավորված են: Դրա խորքային պատճառը պետական բյուջեի փոքրությունն է: Կոնկրետ գիտության թերֆինանսավորման հարցում պատճառները շատ են՝ և՛ հասարակության կողմից գիտությունը չկարևորելը, և՛ արժեհամակարգի փոփոխությունը անկախության տարիներին, և՛ համապատասխան պետական օղակների վատ աշխատանքը: Մեր կառավարության համար գիտությունը Խորհրդային Միությունից ժառանգություն ստացած մի բեռ է, որն ըստ իր տեսակետի՝ ծախսեր է պահանջում, բայց կոնկրետ օգուտ չի տալիս: Ես չեմ կարծում, որ մոտ ապագայում կառավարությունը էապես կավելացնի գիտության ֆինանսավորումը: Խնդրի միակ լուծումը արտաբյուջետային միջոցների որոնումն է: Վերջին երկու տարվա ընթացքում տարբեր կառույցների, հասարարակական կամ մասնավոր հիմնադրամների կողմից իրականացվող մրցանակաբաշխություններին լավ եմ վերաբերվում՝ որպես երիտասարդներին խրախուսման միջոց, սակայն դրանք ընդհանրապես չեն փոխում իրավիճակը, որովհետև երկարաժամկետ արդյունք տալ չեն կարող: Կարծում եմ, որ ավելի ճիշտ կլիներ այդ գումարները տրամադրել՝ որպես փոքր դրամաշնորհներ՝ կոնկրետ ծրագրերի իրականացման համար: Օրինակ, կարելի էր այդ գումարները փոխանցել ANSEF-ին կամ NFSAT-ին և ավելացնել նրանց կողմից տրամադրվող դրամաշնորհների քանակը:
- Ո՞րն է Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրը։
- Երիտասարդ գիտնականի հիմնական խնդիրը սոցիալականն է: Պետք է կարողանալ գիտությամբ աշխատել այնքան գումար, որ կարողանաս պահել ընտանիքդ: Հակառակ դեպքում, ստիպված կամ լքում ես երկիրը, կամ անցնում այլ աշխատանքի: Դրանից բացի, կան նաև գիտական ենթակառուցվածքների հետ կապված խնդիրներ՝ սարքերի բացակայություն կամ հնություն, տարրական աշխատանքային պայմանների բացակայություն և այլն, սակայն դրանք ավելի երկրորդական են: Շատ լավ եմ վերաբերում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը ֆեյսբուքում և այլ վիրտուալ կամ իրական հարթակներում: Կարծում եմ, որ ցանկացած հասարակական շերտ, խումբ պետք է կարողանա հարկ եղած դեպքում պաշտպանել իր շահերը, բողոքել և պահանջել: Գիտությամբ զբաղվելը աշխատանք է: Ցանկացած աշխատանք ինչ-որ իմաստով նաև բիզնես է և ուշ թե շուտ պետք է բերի եկամուտ: Գիտնականը գիտությամբ զբաղվելուց բացի պետք է կարողանա նաև հասկացնել ֆինանսավորողներին թե ինչո՞ւ է պետք ֆինանսավորել իրեն և ի՞նչ օգուտներ դրանից կարելի է ստանալ:
- Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում։ Ի՞նչ տարբերություններ կան Հայաստանում և դրսում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։
- Երկու տարի աշխատել եմ Կանադայում, Մանիտոբայի համալսարանում: Այնտեղ, իհարկե, գիտությամբ զբաղվելու համար ստեղծված են բավականին լավ պայմաններ: Սակայն Հայաստանի նման երկրներից գնացածների համար շատ դժվար է գտնել մշտական կամ գոնե երկարատև աշխատանք: Ստիպված ես լինում ամեն մեկ կամ երկու տարին մեկ փոխել աշխատանքդ, բնակավայրդ, քաղաքն ու երկիրը: Այդ ընթացքում, իհարկե, նորմալ վաստակում ես, սակայն չկա որոշակիություն: Տարբերությունների տեսակետից շատ բան կարելի է ասել. օրինակ, որ Հայաստանում շատ ցածր մակարդակի վրա է ներքին համագործակցությունը տարբեր գիտական խմբերի մեջ: Ավելի սերտ համագործակցությունը հնարավորություն կտար ավելի մեծ ծրագրեր ձեռնարկելու, և այդ դեպքում` ավելի լուրջ ուժերով հանդես գալու միջազգային դրամաշնորհների դիմելիս։
- Ինչպե՞ս եք վերաբերվում հետթեկնածուական PostDoc կարգավիճակային համակարգին. արդյո՞ք մասնագիտական աճի հեռանկարների տեսակետից՝ պետք չէ ներդնել այդ համակարգը Հայաստանում։
- Ինքս երկու տարի եղել եմ PostDoc Կանադայում, Մանիտոբայի համալսարանում: PostDoc-ը հնարավորություն է տալիս PhD ստացած երիտասարդին մինչև հիմնական աշխատանք գտնելը աշխատել այլ համալսարաններում և այլ գիտական խմբերում, ձեռք բերել կապեր և աշխատանքային փորձ: Ընդ որում, դու չես կարող PostDoc անել քո կրթություն ստացած համալսարանում: Անպայման պետք է գնաս այլ վայր: Այն սահմաններ չի ճանաչում: Արտասահմանում, առանց մեկ կամ մի քանի տեղ PostDoc լինելու, հնարավոր չէ մշտական աշխատանք ստանալ համալսարաններում: Խոսել PostDoc-ի մասին միայն Հայաստանի տարածքում, անիմաստ է, քանի որ չկան շատ վայրեր, ուր կարող ես զբաղվել քո նախընտրած խնդիրներով: Նաև պարզ չէ, թե ո՞վ և ինչքա՞ն պետք է վճարի դրա համար: Կարծում եմ, որ իրականում PostDoc-ը Հայաստանում արդեն վաղուց ներմուծված է, քանի որ բազմաթիվ երիտասարդներ թեկնածուական ատենախոսութոյւնը պաշտպանելուց հետո մեկնում են արտասահմանյան բուհեր՝ որպես PostDoc: Նրանց մի մասը (ինչպես ես) վերադառնում են և շարունակում աշխատել Հայաստանում: Սակայն կա մեկ խնդիր. Հայաստանում այդ մի քանի տարին չի ճանաչվում՝ որպես ուսում կամ աշխատանք: Երբ ես ԵՊՀ կադրերի բաժնում հարցրի, թե ինչ պետք է նշվի իմ աշխատանքային գրքույկում PostDoc եղած տարիների մասին, ինձ պատասխանեցին, որ ոչինչ չի նշվելու և այդ երկու տարին ես ուղակի կորցնելու եմ:
.
Զրույցը վարեց Մանե Հակոբյանը