Բագրատ Մաիլյանն աշխատում է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում (Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա), զբաղվում է տիեզերական Ճառագայթների ֆիզիկայով։ Տպագրել է մի շարք հոդվածներ՝ հիմնականում 2-3 համահեղինակներով (սեփական ներդրումը աշխատանքներում գնահատում է երեսունից վաթսուն տոկոս), որոնց արձագանքները, հատկապես ամպրոպային երևույթների ուսումնասիրության վերաբերյալ, եղել են շատ դրական: Աշխատանքները ներկայացրել է մի շարք միջազգային գիտաժողովներում, որոնցից առանձնապես կարևորում է Ամերիկայի Երկրաֆիզիկական միության հանդիպումը, որի ընթացքում հնարավորություն է ունեցել զրուցել և գիտական բուռն քննարկումներ ունենալ ոլորտի առաջատար գիտնականների հետ:
Չնայած որ խումբը, որում նա աշխատում է, ներգրավված է նեյտրոնային մոնիտորների եվրոպական ցանցի մեջ, սակայն ինտեգրվածությունը միջազգային գիտական հանրությանը բավարար չի համարում: Այնուհանդերձ, կրթաթոշակային տարբեր ծրագրերի շնորհիվ (fellowship) այցելել է արտասահմանյան գործընկերների լաբորատորիաները, մասնակցել նրանց կողմից կատարվող աշխատանքներին. «Այդպիսի շփումները երիտասարդ գիտնականի համար շատ կարևոր են»: Համագործակցությունը հայաստանյան գիտական խմբերի հետ համարում է բավարար. «Շատ ավելի լավ է, քան Ռուսաստանում, որտեղ իրար «միս են ուտում»: Կարելի է, իհարկե, ավելի սերտ համագործակցել»:
Գիտության կազմակերպման տեսակետից ամենակարևոր հարցերից մեկը համարում է հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրումը Հայաստանում. «Դեռ 2 տարի առաջ, շա՛տ տարիներ առաջ պետք է արվեր, եթե սա չարվի՝ կկորցնենք բոլոր երիտասարդ գիտնականներին»: Կարևոր է համարում գիտնականի արդյունավետության գնահատման համար հստակ չափանիշների ներդրումը. «Ազդեցության գործակիցը և հղումների թիվը... երկուսն էլ կարևոր են: Կարելի է h-index-ը կիրառել, որը գիտնականի արդյունավետությունը գնահատում է` հաշվի առնելով այդ երկու չափանիշները միաժամանակ»։ Հարցրի գիտության ոլորտում կոռուպցիայի մասին. «Միգուցե կա այդպիսի բան, բայց գիտական համակարգը հաստատ շատ ավելի քիչ է կոռումպացված քան դատական համակարգը կամ որոշ այլ համակարգեր...»: Անդրադարձանք գիտական դրամաշնորհներին և վերջերս տարբեր ոչ պետական կառույցների կողմից տրվող մրցանակներին ու զանազան խրախուսական մրցանակաբաշխություններին։
- Ես ստացել ել եմ մի քանի դրամաշնորհ։ Օրինակ, Երիտասարդ գիտնականների խրախուսման դրամաշնորհ՝ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամից՝ NFSAT ECSP – 09: Դրանք որոշ ժամանակով բարելավեցին իմ ֆինանսական վիճակը և հնարավորություն տվեցին մասնակցելու մի շարք գիտաժողվների: Ինչ վերաբերում է մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, ապա, օրինակ, նախանցյալ տարի խրախուսավճար եմ ստացել «Գ. Ծառուկյան» հիմնադրամի կողմից` ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական ամսագրերում 2010թ. ընթացքում տպագրված աշխատանքներիս համար։ Այս տարի դիմել եմ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի՝ ֆիզիկայի ոլորտում Գ. Ասկարյանի անվան մրցանակ ստանալու համար։ Սակայն պետք է ասեմ, որ այսպիսի բաներն իրականում բավականչափ լրջորեն չեն փոխում իրավիճակը։ Իհարկե, այդպիսի նախաձեռնությունները ողջունելի են՝ անկախ այն բանից, թե ինչն է դրդում մարդկանց սահմանել այդպիսի մրցանակներ: Սակայն շեշտեմ՝ մրցանակները խնդրի լուծում չեն. պետք է լրջորեն մտածված պետական ծրագիր: Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած ամենահիմնական հարցերը ֆինանսականն ու հասարակության վերաբերմունքն են: Բայց ինչ-որ իմաստով երկրորդը առաջինի ածանցյալն է՝ եթե հասարակությունը տեսնի, որ գիտնականը շատ գումար է ստանում, վերաբերմունքն էլ կարող է լավանալ: Իսկ առայժմ վիճակը լավ չէ՝ պետական աջակցությունը բավարար չէ։ Իհարկե կան որոշ դրական միտումներ, բայց փոփոխությունները դեռ էապես չեն բարելավում գիտնականի կյանքը: Երիտասարդ գիտնականը 50 թե 100 հազար ամսական աշխատավարձ ստանա՝ միևնույն է` չի կարող բնակարան ձեռք բերել կամ վարձակալել, եթե հանկարծ որոշի ամուսնանալ: Առանց պետական հոգածության՝ գիտություն չի լինում: Չեմ ասում հենց այնպես պետք է փող բաժանել, բայց պետք է շատ աշխատող մարդը վայելի աշխատածի արդյունքները: Պետք է սկսել ֆինանսավորումից՝ հույս ունենալով, որ ամեն ինչ իր տեղը կընկնի, քանի դեռ ուշ չէ:
- Իսկ ինչո՞ւ իշխանությունները չեն կարևորում գիտությունը։
- Նախ, որովհետև հասարակությունը չի կարևորում գիտությունը։ Պատճառներն այստեղ խորքային են՝ պայմանավորված մարդկանց արժեհամակարգի խեղմամբ, ինչն իր հերթին ունի իր պատճառները: Հասարակության կողմից գիտությունը չի կարևորվում, քանի որ գիտնականը այսօր երբեմն ստանում է ավելի քիչ քան մատուցողը կամ վարորդը: Էլ ինչ կարիք կա տարիներով սովորել և գլուխ ցավացնել, ավելի հեշտ ձևեր կան հասարակության մեջ բարձր տեղ զբաղեցնելու: Օրինակ, մեր կուրսի ամենալավ սովորողներից նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, շատ ավելի վատ են ապրում, քան վատ սովորող ուսանողները, որոնք զբաղվում են այժմ առևտրով: Երբ իմանում են գիտնական եմ, մարդկանց մոտ նույնիսկ խղճահարություն է առաջանում: Ավելի երիտասարդները հաճախ չեն էլ իմանում գիտնականն ինչ է: Դե դա պարտադիր էլ չէ, Կոստա-Ռիկան կամ Բուրկինա-Ֆասոն էլ են երկրներ, որոնց ևս գիտությունը նույնպես այնքան էլ պետք չէ: Կարող ենք անհոգ շարունակել ապրել և քեֆ անել 6/8 երաժշտության տակ:
- Իսկ պետք չէ՞ պայքարել, որ վերաբերմունքը փոխվի, թե՞ գիտնականի միակ գործը պետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը :)
- Գիտնականն էլ հասարակության անդամ է և միայն զուտ գիտությամբ չպետք է զբաղվի: Պե՛տք է պայքարել... է՜հ, կուզեի մեզ մոտ արտասահմանի նման լիներ, զարգացած երկրների, որտեղ արվում է ամեն ինչ՝ հողեղեն-նյութական բաներից գիտնականին զերծ պահելու համար, գիտնականի արդյունավետությունը բարձրացնելու համար:
- Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում։
- Կարճ։ 2 շաբաթանոց դասընթացների եմ մասնակցել: Կարող եմ ասել, որ զարգացած երկրներում ավելի լավ է ամեն ինչ կազմակերպված: Գիտնականները նույնն են անկախ ազգային պատկանելիությունից: Հայ գիտնականները ունեն իրենց ուժեղ և թույլ կողմերը: Բայց նաև շատ եմ շփվել արտասահմանի ոչ-գիտնականների հետ: Նրանք հարգանքով են լցված գիտնականի հանդեպ, քանի որ ավելի լավ են հասկանում գիտնականի դերը հասարակության մեջ: Սա նաև Հայաստանում միջնակարգ կրթության որակի անկումից է: Մարդը կարող է հասարակ թվաբանություն չիմանալ և գերազանց ավարտել դպրոցը: Իսկ միջին Եվրոպացին ավելի լավ կրթություն է ստանում:
- Հիմա Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական ապագան, թե՞ արտասահմանում։
- Դեռ չգիտեմ: Իրոք, շատ եմ ուզում պատկերացնել... Երևի՝ եթե Հայաստանում, ապա՝ ո՛չ մասնագիտությամբ, իսկ եթե մասնագիտությամբ, ապա՝ ո՛չ Հայաստանում:
Զրույցը վարեց Մանե Հակոբյանը