Ես Բրյուսելում կամ Ստրասբուրգում գլխի չընկա, թե ՀՀ իշխանություններն ինչ են անում Հայաստանի Հանրապետություն կոչվող պետական միավորման հետ: Բայց Թուրքիայում գլխի ընկա: Չորս օր ես զբոսնում էի Արեւմտյան Հայաստանի տարածքով եւ իմ ուղղությամբ զգում Թուրքիա կոչվող պետության քմծիծաղը: Նրանք այնտեղ պետություն են ստեղծել: Նրանց չի մտահոգում, որ Մասիսն իրենց կողմից առանձնապես բիբլիական չէ, նրանց հետաքրքիր է Մասիսի տակ ծվարած Բայազետը, որը արդյունաբերական եւ գյուղատնտեսական չափավոր հզորության քաղաք է: Աշխարհի բոլոր կողմերից գալիս են այնտեղ գիշերելու, որպեսզի հաջորդ օրը մեկնեն Կարս, Անի կամ Սարիղամիշ տեսնելու մեր ավերակները: Սարիղամիշն, ի դեպ, մեր Ծաղկաձորին նման քաղաք է, ծովի մակերեւույթից 2100 մետր բարձրությամբ: Ձմեռն այստեղ դահուկներ են քշում, ամառը՝ փախչում արեւից:
Ե՞րբ է Արեւմտյան Հայաստանը դադարում լինել Արեւմտյան Հայաստան: Երբ ագրեսորն այնտեղ պետություն ստեղծելու ջանքեր է գործադրում եւ հաջողում է: Երբ է Հայաստանի Հանրապետությունը դադարում լինել Հայաստանի Հանրապետություն:Երբ այդ երկիրը ոչ մեկի պետքը չէ: Թուրքիան Հսկայական անտառների մեջ գյուղեր են ծվարել: Կարող են, չէ՞, փայտ ջարդել, տուն տաքացնելու, ճաշ սարքելու համար: Ոչ, ամենածայրամասային գյուղն անգամ օգտագործում է արեւային էներգիան: Թուրք կամ քուրդ գյուղացիները ֆիզիկոսներ են դարձել անտառները փրկելու համար: Պետությունը քրդերի հետ խնդիրներ ունի, չէ՞, բայց քրդական հատվածներում ինֆրաստրուկտուրան իդեալական վիճակում է: Քրդերը թուրք զինվորների քթի տակ սեր են խոստովանում հայերին, որպեսզի կարողանան Արարատի պատկերով զարդատուփեր վաճառել մեզ: Անիի բերդապարսպի վրա, մեր քթի տակ բարձրացրել են Թուրքիայի պետական դրոշը, մարդ չի հասկանում, թե ի՞նչ կապ ունի դրոշը 10 դար առաջվա պատմության հետ:
Նրանք մեզ ասում են՝ եկեք եւ տեսեք, թե ինչ է մնացել ձեր Հայաստանից, մենք խնդիրներ չենք ստեղծի, եկեք եւ վայելեք ձեր անցյալը: Դա նրանց կերպն է հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման: Տեսեք ձեր Աղթամարն ու Սուրբ Խաչը, ձեր Մհերի Դուռը: Ինչ մտքներովդ անցնում է, տեսեք: Բայց դուք շուռ եք գալու դեպի ձեր պետությունը: Այնտեղ դուք շարունակելու եք հաշվել ձեր հայրենակիցներին: Թուրքիան մեզ ասելու է՝ եթե չեմ սխալվում արդեն 40 տարի դուք 3 միլիոնից չեք ավելանում: Եվ ո՞րն է ձեր շահը Հայաստանի Հանրապետություն ունենալու: 30 տարում մեր բնակչությունը 2,5 անգամ ավելացել է, այսօր 80 միլիոն ենք: Մենք այստեղ զոռով թրքացնում ենք ուրիշ ազգերին, ձեր բնակչության 90 տոկոսը հայեր են: Պետություն ունենալու առումով ո՞վ է ավելի հաջողել: Մենք այստեղ ծառեր չենք կոտորել, մենք, այո, եղել ենք բռնապետություն, եւ ինչ-որ իմաստով այդպիսին էլ կանք, մենք մեր Աթաթուրքի վրայով չենք թռնելու: Դուք Հայաստանի վերջին անկախությունից հետո երեք առաջնորդ եք փոխել, որի՞ հետ եք ավելի հաշտ եղել:
Թուրքիան իր վրայից դեն է նետել «քաղաքի եւ աշխարհի» հանդեպ պատասխանատվությունը՝ իր պետության մեջ մտահոգիչ ճեղքերը փակելով: Քրդերը խնդիր ունեն թուրքերի հետ, բայց ապրելու, կեցության խնդիր չպետք է ունենան, քրդերը պետք է լավ զգան իրենց Թուրքիայում: Սա է թուրքական պետության մոտեցումը: Թուրքիան մեզ ասում է՝ մենք ջլատել ենք ձեր կենսագործունեությունը «պատմական տհաճ դեպքերով»: Բայց դուք պետություն ունեք: Ո՞րն է ձեր «պատասխանը Չեմբեռլենին»: Այսօր Հայաստանի Հանրապետությունը հայ-թուրքական այսպիսի «երկխոսության» մեջ այս հարցերի պատասխանը չունի: Եվ, ենթադրում եմ, չի ունենալու առաջիկայում: Որովհետեւ, անհավանական բան, Թուրքիայում իմացա, որ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ՀՀ Վայոց ձորի Արենի գյուղում «կարմիր տրավերտիտ» կոչվող քարի հանքեր ունի: Ինչու՞ հենց Հրանուշ Հակոբյանը, այլ ոչ թե՝ արենիցին: Նախ էս հարցին պիտի պատասխան տրվի:
Սեյրան Հանոյան, http://www.yerkir.am/