Բաքվում այսօրվանից մեկնարկել է Եվրանեսթի լիագումար երկօրյա նիստը, որին մասնակցում է նաեւ հայկական ողջ պատվիրակությունը՝ պատվիրակության ղեկավար Վահան Հովհաննիսյանի գլխավորությամբ։
"Երկիրն այսօրի" հետ հեռախոսազրույցում Վահան Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկվել են անվտանգության բոլոր միջոցները` աշխատանքները նորմալ կազմակերպելու համար: Պատվիրակության ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ առաջին նիստից հետո Եվրանեսթի Բյուրոյի ներկայացուցիչները հանդիպելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
Իսկ մինչ այդ, ինչպես մեկնարկած նիստում, այնպես էլ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վահան Հովհաննիսյանը հայտատարել է, որ Եվրանեսթը չպետք է դառնա հակամարտությունների լուծման հարթակ, պետք է բացառվեն նաեւ ագրեսիվ հայտարարությունները։
Վահան Հովհաննիսյանը պատասխանել է ադրբեջանցի լրագրողների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերին, ներկայացրել խաղաղ լուծման հասնելու համար այն քայլերը, որ պետք է անեն ադրբեջանական իշխանությունները։
"Լրագրողների հետ զրույցում ես նշեցի, որ այդ հարցում կարող ենք հասնել հաջողության եւ խաղաղ լուծման միայն այն դեպքում, երբ Ադրբեջանի կողմից հստակ հնչի, թե իրենք ի՞նչ զիջման են պատրաստ։ Մինչեւ հիմա նրանք միայն խոսում են այնպիսի վերադարձի մասին, այնպիսի կարգավիճակի մասին, որը եղել է դեռ մինչեւ 1988 թվականը։ Սա անընդունելի է եւ խաղաղության չի բերի։
Նշեցի նաեւ, որ բանակցային ամեն ռաունդից հետո Ադրբեջանը սկսում է սպառնալ, որ իրենց բյուջեն մեծ է, որ իրենք սպառազինության վրա շատ ավելի են ծախսում։ Ասացի, որ Ադրբեջանը ծախսում է հարձակողական զենքերի վրա, ինչը մի քանի անգամ թանկ է, քան այն պաշտպանողական զենքերը, որ գնում է Հայաստանը։
Իհարկե, նշեցի, որ Ադրբեջանը հարուստ է, քան Հայաստանը, բայց Հայաստանը երբեք այնքան չի կարող աղքատ լինել, որ չկարողանա իր անվտանգության մակարդակը ապահովել։ Ուրեմն, Ադրբեջանի կողմից պետք է հնչի իր զիջման եզրը, որից հետո կարող է շատ արագ եւ խաղաղ լուծվել հիմնախնդիրը"։
http://www.yerkirmedia.am