Եթե հայ գործարարները կարծում են, որ Թուրքիայում իրենց “գրկաբաց” սպասում են ներդրումներ և համատեղ ձեռնարկություններ հիմնելու համար, ապա չարարչար սխալվում են: Հայ գործարարներ Նասրի եղբայրների միլիոնավոր դոլլարների ներդրման հետագա ճակատագիրը կարող է լավ դաս լինել նրանց համար, ովքեր ԱՄՆ կառավարության գումարներով հայ-թուրքական սահմանների բացման լոբբինգ են անում: Ծխախոտի արտադրությամբ, ներմուծմամբ և սպառմամբ զբաղվող European Tobacco ընկերությունը Թուրքիայում այդ ոլորտի ամենամեծ յոթ ընկերություններից մեկն է: Այն հիմնադրվել և գործում էր Մերսինի ազատ տնտեսական գոտում: Հիմանդիրները և ընկերության բաժնեմասերի 40 տոկոսի սեփականատերերը Հյուսիսային Իրաքում բնակվող Նասրի եղբայրներն են:
Այն բանից հետո, երբ թուրքական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ կազմակերպության սեփականատերեը հայեր են և մոտ հարաբերություններ ունեն Քրդական ինքնավար մարզի վարչապետ Նեչիրվան Բարզանիի հետ (մասնավորապես թուրքական Taraf օրաթերթ), Թուրքիայի բոլոր ուժային կառույցները սկսեցին միաժամանակ հետաքրքրվել այդ ընկերության գործունեությամբ: Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմետ Շիմշեկը հայտարարեց, որ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերությունները սկզբում արտադրանքն արտահանում են, հետո այն մաքսանենգ ճանապարհով ներմուծում և վաճառում Թուրքիայի ներքին շուկայում: Բոլոր ուժային կառույցներն սկսեցին մանրակրկիտ ուսումնասիրել European Tobacco ընկերության գործունեությունը, կասկածելով, որ ընկերության հայ սեփականատերեը կարող են ֆինանսավորել քրդական ահաբեկչական կազմակերպություններին:
Թեև հայ գործարարներին պատկանում էր ընկերության բաժնեմասերի ընդամենը 40 տոկոսը, իսկ գլխավոր տնօրենը և 60 տոկոս բաժնեմասերի սեփականատերերը Թուրքիայի թուրք քաղաքացիներ էին, միևնույն է, այն համարվում էր հայերի ընկերություն: Այս ընկերության հետ առնչվող բոլոր իրադարձությունների լուսաբանումը թուրքական մամուլում ուղեկցվում էր հոդվածների առաջին պարբերությունների մեջ մշտական նախադասությամբ`” European Tobacco ընկերության սեփականատերերը նաև հայեր են”, և հետո նոր միայն անցնում էին բուն իրադարձություններին: Եթե Նասրի եղբայրներն ունենային այս ընկերության ոչ թե 40 տոկոս բաժնեմասը, այլ ընդամենը 10 տոկոսը, ոչինչ չէր փոխվելու:
Թուրքական քարոզչական մեքենան արդեն գործի էր գցվել և հայատարարել, որ սեփականատերերի մեջ հայեր կան: Իսկ եթե հայեր կան, ուրեմն Թուրքիայի դեմ ինչ որ հակաօրինական գործունեություն կարող է ծավալել այդ ընկերությունը`” քանի որ հայի մատն է խառը”: Հայ գործարարներին խորհուրդ կտայինք հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման վերաբերյալ “հորթի հրճվանք” չապրել: Ամեն տարի Կուրբան Բայրամի տոնակատարության ժամանակ թուրքերը նաև բազմաթիվ “հորթեր են զոհաբերում”:
Armweeklynews.am