Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Շվեյցարիայի դեսպանատունը ժամանակակից մոտեցմամբ ներկայացնում է երեք ոլորտ՝ սննդագիտություն, ոսկերչական իրերի դիզայն եւ թվային երաժշտություն: Միջոցառումները նախատեսվում են մարտի 14, 15, 20 եւ 21-ին, ինչպես նաեւ ապրիլի 5-ին:
Մարտի 14-ին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը հրավիրում է հանրային դասախոսության՝ «Գինու խաղողի պատմությունը, ծագումը եւ ապագան» թեմայով, որը կներկայացնի խաղողի գենետիկայի հանրաճանաչ մասնագետ դկտր. Ժոզե Վույամոն: Իսկ մարտի 15-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կանցկացվի գինու համտես եւ ճաշկերույթ՝ դկտր. Վույամոյի եւ հանդիսության հյուրերի մասնակցությամբ:
Ոսկերչությամբ եւ դիզայնով հետաքրքրվածները հնարավորություն կունենան ծանոթանալու Ժնեւի արվեստի եւ դիզայնի դպրոցի ոսկերչական դիզայնի բաժնի ուսանողների հետ: Մարտի 20-ին եւ 21-ին Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիայում կցուցադրվեն նրանց պատրաստած ոսկերչական իրերը եւ դիզայներական աշխատանքները:
Նշենք,որ DJ Օլիվեր Շայնը իր ոլորտի վառ մասնագետներից է: Շվեյցարիայի դեսպատանատան հրավերով DJ Օլիվեր Շայնը բոլոր հետաքրքրվածների համար ապրիլի 5-ին կանցկացնի սեմինար Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Երաժշտությունն ավելի ակտիվ վայելելու համար նույն օրը Շվեյցարիայի դեսպանատունը հրավիրում է բոլորին KAMI ակումբ: «Մեզ համար ուրախալի է ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանի հանրությանը ներկայացնել Շվեյցարիայի մշակութային բազմազանությունը: Հայաստանի մեր գործընկերների հետ միասին ներկայացնում ենք երեք ուղղություն՝ սննդագիտություն, ոսկերչություն եւ երաժշտություն՝ այս ոլորտների ավանդույթները եւ ժամանակակից միտումները ակներեւ են մեր երկու երկրներում»,- նշել է Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պրն. Լուկաս Գասերը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am