Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը մարտի 14–ին Երևանում ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Նվագախմբի կայքում հրապարակված հաղորդակցության համաձայն, համերգացանկում ներառված են Բեթհովենի թիվ 4 սիմֆոնիան, Բիզեի «Առլեզուհի» սյուիտ թիվ 1–ը, Գունոյի` «Ֆաուստ» բալետային երաժշտությունը։
Պավել Կոգանը ծնվել է հայտնի երաժշտական ընտանիքում, նրա ծնողներն են լեգենդար ջութակահարներ Լեոնիդ Կոգանն ու Ելիզավետա Գիլելսը, մորեղբայրը` հռչակավոր դաշնակահար Էմիլ Գիլելսը։
1989 թ.–ից Պավել Կոգանը Մոսկվայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։ Նա ընդլայնել և հարստացրել է նվագախմբի երկացանկը հռչակավոր կոմպոզիտորների` Բրամսի, Բեթհովենի, Շուբերտի, Շումանի, Ռ. Շտրաուսի, Բեռլիոզի, Դեբյուսիի, Ռավելի, Մենդելսոնի, Բռուքների, Մալերի, Սիբելիուսի, Դվորժակի, Չայկովսկու, Գլազունովի, Ռիմսկի–Կորսակովի, Ռախմանինովի, Պրոկոֆևի, Շոստակովիչի և Սկրյաբինի, ինչպես նաև ժամանակակից հեղինակների սիմֆոնիկ ստեղծագործությունների շարքով։
Դիրիժորը մինչ օրս ելույթ է ունենում հինգ մայրցամաքում լավագույն նվագախմբերի նվագակցությամբ, որոնց թվում են` Ֆիլադելֆիայի սիմֆոնիկ նվագախումբը, Մյունխենի, Հելսինկիի, Լյուքսեմբուրգի և Լոս Անջելեսի ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբերը, Բավարիայի ռադիոյի նվագախումբը, Բելգիայի ազգային նվագախումբը, Իսպանիայի ռադիոյի և հեռուստատեսության նվագախումբը, Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախումբը, Դրեզդենի Շտաատսկապելան, Մեքսիկայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը, Ռոմանական Շվեյցարիայի նվագախումբը, Ֆրանսիայի ազգային նվագախումբը, Հյուսթոնի սիմֆոնիկ նվագախումբը, Թուլուզի ազգային նվագախումբը։
ar.newsarmenia.ru