Թուրքական դատարանի կողմից 2 տարի ազատազրկման դատապարտված ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանին Թորբալըի թեթեւ ռեժիմով բաց բանտից տեղափոխել են ավելի խիստ ռեժիմով փակ բանտ։
Նույնիսկ բանտում հայ լեզվաբանին հանգիստ չտվող թուրքական իշխանությունները, նախ Սեւան Նիշանյանի դեմ նոր հետաքննություն են սկսել այն բանի համար, որ նա գրել է բանտում գողություն կատարած մի բանտապահի մասին, այնուհետ առաջին հարցաքննությունից հետո նրան տեղափոխել են Բուջայի փակ բանտ։
Թուրք հայտնի գրող Ազիզ Նեսինի որդին՝ Ալի Նեսինը հայտարարել է, թե Սեւան Նիշանյանին լրացուցիչ պատժում են կրեդիտ քարտ գողացող բանտապահին բացահայտելու համար։ Նա բոլորին կոչ է արել պայքարել Սեւան Նիշանյանի իրավունքների համար։
Նշենք, որ 2013-ի դեկտեմբերի վերջին վճռաբեկ դատարանը հաստատել էր դեռեւս 2008-ին Իզմիրի Սելչուքի շրջանի քաղաքացիական գործերով դատարանի կայացրած վճիռը Սեւան Նիշանյանի նկատմամբ:
Սեւան Նիշանյանը բանտում անցկացնելու է 2 տարի՝ անօրինական շինարարություն իրականացնելու համար:
Նշենք, որ Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։