Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի նկարահանած 10–րդ ֆիլմը պատմում է հայ ճարտապետության բացառիկ կառույցներից մեկի` Զվարթնոց եկեղեցու կրկնօրինակով կառուցված Գագկաշենի եկեղեցու մասին:
Հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, փետրվարի 19-ին խոսելով եկեղեցու պատմության մասին, ասաց, որ այն կառուցվել է 1000-1020թթ Բագրատունիների Գագիկ Առաջին թագավորի նախաձեռնությամբ:
«1000թ. Զվարթնոցի տաճարը նոր էր ավիրվել, բայց շատ մարդկանց հիշողության մեջ դրա կանգուն տեսքը դեռ պահպանվում էր: Գագիկ թագավորը Տրդատ ճարտարապետին ուղարկեց ուսումնասիրելու Զվարթնոցի ավերակները, որպեսզի դրա նմանությամբ մի տաճար էլ կառուցի Անիում»,- նշեց հուշարձանագետն ու հավելեց, որ Գագկաշենի եկեղեցին Զվարթնոցի տաճարից տարբերվում էր մի քանի ճարտարապետական լուծումներով:
«Գագկաշենի սյուներն ավելի փոքր էին: Ժամանակի ընթացքում սկսեցին ճաքեր հայտնվել: Մոտ կես դար հետո ճաքերի պատճառով եկեղեցին փլուզվեց, բայց երբ 1064թ. սելջուկները մտան Անի, եկեղեցին դեռ կանգուն էր»,- ասաց հուշարձանագետը:
Գագկաշենի եկեղեցու մասին պատմող ֆիլմը եռաչափ է, դրանում օգտագործված են միայն լուսանկարներ: Ֆիլմի ռեժիսոր Տիրան Կարապետյանի խոսքով, ֆիլմը նկարահանվել է մեկ ամսում: Ֆիլմի եռաչափ մոդելավորողը Պարգև Ֆրանկյանն է, իսկ ֆիլմի երաժշտության հեղինակն է Այդին Դավուդին: Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա վաղը Ճարտարապետների միությունում: