Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) խորհրդի անդամ Ռեյչլ Կապրիելյանը նշանակվել է Մասաչուսեթսում Աշխատանքի եւ աշխատուժի զարգացման նահանգային քարտուղարի պաշտոնում:
Այս առնչությամբ Համագումարը շնորհավորական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշում է
«Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) շնորհավորում է խորհրդի անդամ Ռեյչլ Կապրիելյանին` Մասաչուսեթսում Աշխատանքի եւ աշխատուժի զարգացման նահանգային քարտուղարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: «Ես ոգեւորված եմ, որ Ռեյչլը համաձայնեց այս նոր պաշտոնին, եւ վստահ եմ, որ նա ունակ է շարունակելու այս դժվարին գործը՝ աշխատատեղեր գտնել մեր բնակիչների համար՝ նախապատրաստելով թե մեր աշխատողներին, եւ թե գործատուներին 21-րդ դարի տնտեսությանը հարիր աշխատանքներին»,- հայտարարության մեջ ասել է նահանգապետ Դեւալ Պատրիկը:
Իր կյանքի ողջ ընթացքում Ռեյչլ Կապրիելյանը եղել է առաջնորդ` աշխատելով թե որպես Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի անդամ, թե ամերիկահայ համայնքում: Իր կարերիայի ողջ ընթացքում Ռեյչլը եղել է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ ուսուցման անխոնջ ջատագովը: Կապրիելյանի նվիրվածությունն ու խանդավառությունը վարակիչ օրինակ է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի հետ աշխատելուց մինչեւ Բոստոնում Հայկական ժառանգության պուրակի հիմնադրման գործում հանգուցային դերակատարումը: 2007թ. միանալով Ամերիկայի հայկական համագումարի խորհրդին` նա շարունակում է իր աշխատանքը` ի նպաստ համայն հայության բարօրությանը:
2008թ. Կապրիելյանը նահանգապետ Դեւալ Պատրիկի հանձնարարականով առաջին անգամ նշանակվեց որպես Տրանսպորտային միջոցների գրանցման գրասենյակի ղեկավար: 1995-2008թթ., Կապրիելյանը եղել է որպես Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատի անդամ՝ ընտրված 32-րդ շրջանից (Միդլսեքս), իսկ 1992-1995թթ.` հատուկ խորհդրական Ուոթերթաունում:
«Ռեյչլն այն անձնավորությունն է, որով ամբողջ համայնքը, հատկապես Համագումարը, հպարտանում է: Մենք գիտենք, որ նա հոյակապ աշխատանք կկատարի եւ հաջողություն ենք նրան ցանկանում»,- ասել է Համագումարի խորհրդի նախագահ Քերոլին Մուգարը: