Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանի ասպետ, ՀՀ եւ ՀԽՍՀ պետական եւ միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր Տիգրան Մանսուրյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ:
Շնորհավորական ուղերձում ասվում է.
«Մեծարգո Տիգրան Մանսուրյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: Տասնամյակներ շարունակ Ձեր գործունեությամբ Դուք վայելում եք մեր ժողովրդի սերն ու անմնացորդ հարգանքը: Մեծ է Ձեր ներդրումը հայ երաժշտարվեստի զարգացման եւ հանրահռչակման գործում: Այսօր դուք միջազգային ճանաչում եւ անուն վաստակած այն հայորդիներից եք, ում ստեղծագործությունները համարվում են դասական արժեքներ: Դրանք հնչեցվում են աշխարհի ամենապատվաբեր սրահներում: Դուք հայ արվեստագետի, մտավորականի եւ քաղաքացու չափանիշ եք, որով սերունդներ են դաստիարակվելու:
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն եւ ստեղծագործական նոր նվաճումներ՝ ի փառս մեր մշակույթի եւ ժողովրդի»: